ԲԴԽ որոշումը ցույց կտա ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի կամքը դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցում

Ինչպես արդեն հայտնել էինք, Բարձրագույն դատական խորհրդում օգոստոսի 19-ին մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Ըստ ԲԴԽ տարածած հաղորդագրության՝ վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։

Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի  ներկայացուցիչը Խորհրդին միջնորդեց գործի քննությունը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ ներկայացվելու են երեխային առնչվող և ընտանեկան հարաբերություններին վերաբերող անհատական, անձնական տվյալներ։

Հիշեցնենք, որ այս գործին Իրավաբան.net-ը անդրադարձել էր դեռևս ամիսներ առաջ, երբ զրուցել էր Անյուտա Մանուկյանի հետ, որը հարցազրույցի պահին շուրջ 6 ամիս է չէր տեսել իր երեխային։ Իրավաբան․net-ին նա պատմել էր, որ 2015 թվականին ամուսնալուծվել է, իսկ 2016-2019 թվականների ընթացքում նախկին ամուսինները դատական կարգով որոշել են երեխայի բնակության վայրը, հոր հետ տեսակցությունների կարգը և ալիմենտի չափը։ 2020-ի դեկտեմբերին երեխայի հայրը նրան տանում է հերթական տեսակցության և այլևս չի վերադարձնում, ինչի համար հիմք է հանդիսանում դատավոր Մանուկ Մարգարյանի միջանկյալ դատական որոշումը։ Մասնավորապես, դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ երեխայի հայրը դատարան է ներկայացնում հայցի ապահովման նախնական միջոց կիրառելու մասին դիմում, որը դատավոր Մանուկ Մարգարյանը բավարարում է և որոշում է փոխել 2018 թվականին կայացած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և երեխայի բնակության վայրը փոխել և սահմանել հոր բնակության վայրը։ Նաև նշենք, որ դատարանի կողմից կայացրած այս որոշման քննարկմանը չեն մասնակցել երեխայի մայրը և խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև չի լսվել երեխան։

Անյուտա Մանուկյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։

Նշենք, որ երեկ ԲԴԽ-ում դատավոր Մանուկ Մարգարյանի շահերը ներկայացնում էր փաստաբան Մոնիկա Հակոբյանը, իսկ դատավորին պատասխանատվության ներկայացնելու մասին միջնորդությունը ներկայացնում էին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը և հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։

Ի դեպ, նշենք, որ նախորդ տարի Դատական օրենսգրքում կատարած փոփոխությունների և լրացումների ուժով, Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմը փոփոխվել էր, և բացի դատավոր անդամներից, ներդրվեց նաև ոչ դատավոր անդամների ինստիտուտը, և ըստ այդմ Հանձնաժողովում երկու տեղ հատկացվեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Սա այն բացառիկ գործերից է, որտեղ շոշափվում է երեխայի շահը և ամեն պարագայում երեխայի լավագույն շահը պետք է գտնվի ՀՀ դատարանների հոգածության և պաշտպանության ներքո։ Ըստ էության սույն գործով կայացրած որոշմամբ էլ արդեն պարզ կլինի, թե արդյոք ԲԴԽ-ն պատրաստ է իրականացնել այդքան քննարկված վեթինգը և կյանքի կոչի վերջին տարիներին իրականացրած դատաիրավական բարեփոխումները, թե ուղղակի այն կլինի ԲԽԴ հերթական որոշումը՝ ի նպաստ դատավորի պաշտպանության։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ դատական համակարգում վեթինգ իրականացնելու նպատակով ԲԴԽ-ում կատարվեցին երկու նշանակում․ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել