Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։
ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: