Ֆոկուսներով` հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ՝ բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ․ Դավիթ Հարությունյանը՝ վարչապետի պաշտոնավարման մասին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 13-ին, արդեն 5-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին՝ խոսելով վարչապետի պաշտոնը ստանձող անձին պաշտոնավարման հարցի մասին, երբ նա հրաժարական է ներկայացնում։

«Երբ խնդրին նայում են ՍԴ դատավորի տեսանկյունից, երբ խոսքը վերաբերում է բարձրագույն գործադիր պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականության հարցին՝ մենք գործ չունենք սովորական մի պաշտոնյայի հետ, մենք գործ ունենք մի պաշտոնյայի հետ, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է։ Մեծ հաշվով՝ Ազգային ժողովի ընտրությունները վերջնարդյունքում հանգեցնում են ԱԺ ձևավորման և գործադիր իշխանության ձևավորման։ Ընդ որում, այդ գործընթացում ԱԺ-ն վարչապետի նշանակման կամ ընտրության հարցում որևէ դերակատարություն չունի։ Փաստացի ստացվում է, որ ընդամենը տեխնիկական միջնորդությամբ ժողովուրդն է ընտրում վարչապետին»,-ասաց Վահե Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ դաշինքի առաջարկած տարբերակն այն է, որ երբ ՀՀ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նա չի կարող շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում։

Դավիթ Հարությունյանը  նշեց, որ այն՝ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում։ «Վարչապետը կարող է փոխվել և այս դեպքում խաղի մեջ է մտնում ԱԺ-ն, այսինքն էությունն ամենևին չի բխում ու չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ։

Դիտարկենք մեր նախորդ Սահմանադրությունը, որը կիսանախագահական էր․ բայց պառլամետնական թեքումով, այսինքն՝ խորհրդարանն ուներ վճռորոշ դերակատարում՝ վարչապետին ընտրելիս։Այնտեղ դուք կգտնեք լրիվ նույն ձևակերպումը, որ հրաժարականի դեպքում շարունակում են գործել, իրենց պարտականությունները կատարել նախարարները, բայց ոչ վարչապետը, որովհետև սահմանադիրը շատ հստակ պատկերացնում է հրաժարականի ինստիտուտի էությունը։ Հրաժարական տալն անձամբ կամ հրաժարական տված համարվելը դրանք բացարձականապես տարբեր բաներ են։ Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ՝ մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնությանը, հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է, էական չէ։ Սահմանադրի տրամաբանությունն ամենևին շաղկապված չէր վարչապետի հրաժարականի ինստիտուտի այլ նպատակներով օգտագործման համար»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Դավիթ Հարությունյանի խոսքով, երբ անձը հրաժարվում է պաշտոնից, չպետք է ժամանակավոր պաշտոնակատար լիներ։ «Այդ պարագայում ֆոկուսներով` հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ՝ բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,-նշեց նա։

Իրավաբանի խոսքով՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս՝ նա լքում է այդ պաշտոնը, ինչի համար էլ գործում է փոխվարչապետերի ինստիտուտը։

«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առանձանցված էական հանգամանքներն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, տեղի են ունեցել ընտրությունների հավասար պայմանների ապահովման սկզբունքի էական խախտումներ, որոնք նախընտրական քարոզչության ընթացքում դրսևորվել են ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժի լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ: Դաշինքը շեշտադրումը կատարել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին: Դիմողն անդրադարձել է նաև ընտրական գործընթացում, իր գնահատմամբ տեղի ունեցած ճնշումներին և ձերբակալություններին:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել