ՍԴ-ն մերժեց Արա Զոհրաբյանի 2-րդ միջնորդությունը

Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Զարթոնք»-ի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նիստի ընթացքում 2-րդ  միջնորդությունը ներկայացրեց, որը վերաբերում է ԿԸՀ-ի հունիսի 27-ի 2 որոշումներին, որով հանձնաժողովը ամփոփել է հունիսի 20-ի արդյունքները։ Դատարանի կողմից քննության առարկա է դարձվել 184-Ա որոշումը։ Ըստ Զոհրաբյանի, ՍԴ քննության առարկա պետք է դառնա նաև 183-Ա որոշումը։

ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչը նշեց, որ 184-Ա որոշումը ընդունվել է՝ հիմք ընդունելով 183-Ա որոշումը և նշված հարցի վերաբերյալ դատարանը արդեն որոշում ունի ընդունած։

Դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ 183-Ա-ն այսպես, թե այնպես դառնալու է քննության առարկա։

Սահմանադրական դատարանը որոշեց մերժել Արա Զոհրաբյանի 2-րդ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանի առաջին միջնորդությունը վերաբերում էր գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինությանը, որը դատարանը չքննարկեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել