Դիվիզիոնը ռմբակոծում էին, ալիքից մեքենան դղրդում էր․ պատերազմին Մհերն ու Դավիթը հրաշքով ողջ են մնացել

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ Դավիթ Գևորգյանը և Մհեր Սարատիկյանը բանակ են զորակոչվել 2019 թվականի հունվարին։ 2020-ի ապրիլին տեղափոխվելով Արցախ՝  ծանոթացել են և շարունակել ծառայել միասին։ Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, հնչել է «օդում թիրախ կա» հրահանգը։ Տղաներն արագ մտել են մեքենայի մեջ ու սկսել կատարել մարտական առաջադրանքը։

««ОСА-АК»-ով էինք մենք կռվում։ 7։30 սկսեցինք մարտական աշխատանքը ու էդ օրը ուղիղ 5 ժամ մեքենայի մեջ էինք։ Էդ ընթացքում հասցրինք մի հատ ԱԹՍ խոցել։ Երբ մեքենայի մեջ էինք, լսում էինք ինչ-որ դղրդոցներ, էն կարգի դղրդոց, որ մեզ թվում էր՝ ինչ-որ մեկը կանգնել է մեքենայի վրա ու թռվռում է։ Հետո իմացանք, որ դիվիզիոնն էին ռմբակոծում, ու էդ ալիքը հասնում էր մինչև մեր մեքենան՝ առաջացնելով այդ դղրդոցը»,- ասում է Դավիթը։

Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, կրկին հնչել է «օդում թիրախ կա» հրահանգը։ Տղաների խոսքով՝ 43 օրվա ընթացքում մոտ 200 անգամ այդ առաջադրանքը կատարել էին և սովորականի պես մտել են մեքենայի մեջ։ Մի քանի րոպեից «Բայրաքթարը», որը շուրջ 40 րոպե մեքենային հսկել է օդից՝ պարզելու համար մակե՞տ է, թե՝ իրական, խոցել է տեխնիկան։ Մեխանիկ-վարորդը՝ Էդուարդ Մկրտչյանը և հրմանատարը՝ Ռաֆիկ Օրդոյանը զոհվել են։ Իսկ Դավիթը և Մհերը, թեև որոշ վիրավորումներ են ստացել, բայց հրաշքով ողջ են մնացել։

Ընդհանուր առմամբ, նրանք կարողացել են խոցել թշնամու 22 ԱԹՍ։

«Պատերազմից հետո լիքը բաների, որոնց առաջ ուշադրություն էլ չէի դարձնում, մեծ գնահատական չէի տալիս, այլ աչքերով եմ սկսել նայել»,- ասում է Մհերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել