Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հայերենի թեստ հանձնելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Եղել է 5 հայտ, մեկը հիվանդ է եղել, չի ներկայացել թեստավորմանը, 3-ը չեն հաղթահարել թեստավորումը, միայն մեկն է հաղթահարել։
Գեղամ Մելիքբեկյանը չասաց, թե որ կուսակցություններից և ովքեր են եղել այդ անձինք՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։
Թեստը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%): Թեստում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են․
Օրինակ՝ համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Արարատ լե -ը (1) աշխարհի ամենաբար-ր(2) սարն է. հայ մար-ուն (3) նա երևում է աշխարհի բոլոր ծա-երից (4):
(1) ռ, (2) ձ, (3) դ, (4) գ
Օրինակ՝ ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.
1) նրբաոճ
Օրինակ՝ ո՞ր շարքում են ճիշտ տրված հետևյալ օտար բառերի հայերեն համարժեքները`
միսիա, սիստեմ, ռեալիստ, ֆունկցիա:
1) առաքելություն, համակարգ, իրապաշտ, գործառույթ
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նույն հոդվածի 3-րդ մասով ասվում է, որ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:
Նշենք նաև, որ որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու ստուգման կարգը ընդունվել է 2017 թվականի հունվարի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով, որում ասված է․
1. Սույն կարգով կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու (այսուհետ` քաղաքացի)` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն (այսուհետ` ստուգում) իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք հայերենին տիրապետելու մասին (այսուհետ` տեղեկանք):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում է թեստավորման համար առաջադրանքների հարցաշար, որը, ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները, Ազգային ժողովի ընտրության օրվանից առնվազն երկու ամիս առաջ պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցաշարի հետ միաժամանակ կայքէջում տեղադրվում է նաև առաջադրանքների կազմման աղբյուրը:
4. Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության մի քանի բաժիններ` հետևյալ հարաբերակցությամբ`
1) «Ուղղագրություն» – 35%.
2) «Ուղղախոսություն» – 35%.
3) «Բառագիտություն» – 30%:
5. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին դիմում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը, ինչպես նաև նշում է այն էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը, որով կարող է տեղեկացվել թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին:
6. Դիմումը նախարարությունում մուտքագրվելուց հետո երկրորդ աշխատանքային օրը` նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով, որը կազմված է առնվազն 3 անդամից: Մեկ անգամ դիմում ներկայացնելը չի սահմանափակում քաղաքացու` կրկին անգամ դիմելու հնարավորությունը:
7. Քաղաքացին թեստավորման անցկացման վայրի և ժամի մասին լրացուցիչ տեղեկացվում է:
8. Թեստավորումն անցկացվում է գրավոր` այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար ստեղծվում են լրացուցիչ պայմաններ:
9. Քաղաքացին թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովը ստուգում է նրա ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:
10. Թեստավորման ընթացքում քաղաքացուն արգելվում է սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
11. Քաղաքացու ներկայությամբ Հանձնաժողովի անդամներից մեկը համակարգչի միջոցով ձևավորում է թեստ և այն ամփոփաթերթի հետ տրամադրում քաղաքացուն:
12. Թեստը բաղկացած է սույն կարգի 5-րդ կետով սահմանված համամասնությամբ պատահականության սկզբունքով ընտրված 30 առաջադրանքից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
13. Քաղաքացին ամփոփաթերթում լրացնում է իր անունը, ազգանունը: Այնուհետև հանձնաժողովի անդամներից մեկը կտրում է ամփոփաթերթի անձնական տվյալները պարունակող մասերը, ստուգում դրանց ճիշտ լրացված լինելը:
14. Թեստը բաղկացած է առաջադրանքներից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
15. Թեստավորման առաջադրանքները քաղաքացուն տրամադրելուց հետո հայտարարվում է թեստավորման սկիզբը: Առաջադրանքները կատարելու համար տրվում է 50 րոպե ժամանակ:
16. Քաղաքացին ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթի համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
17. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո քաղաքացին թեստը և ամփոփաթերթը հանձնում է Հանձնաժողովին, դուրս գալիս սենյակից:
18. Հանձնաժողովը ստուգում է առաջադրանքները, հաշվարկում հավաքած միավորների քանակը, արդյունքների վերաբերյալ կազմում արձանագրություն, որը հաստատվում է Հանձնաժողովի անդամների ստորագրությամբ:
19. Թեստում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը:
20. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքացին հրավիրվում է թեստավորման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է նրա հավաքած միավորները:
21. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` հրապարակումից հետո երեսուն րոպեի ընթացքում, ինչպես նաև` վերադասության կարգով` ՀՀ կրթության և գիտության նախարարին:
22. Բողոքարկումը թեստի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քաղաքացու հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
23. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ քաղաքացու բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է քաղաքացու պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
24. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտից հետո, նույն օրը Հանձնաժողովը թեստավորման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարին:
25. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարը կայացնում է որոշում` քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանք տրամադրելու մասին, եթե թեստավորման արդյունքում քաղաքացին հավաքել է առնվազն 27 միավոր:
26. Մինչև 27 միավոր ստանալու դեպքում քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքի տրամադրումը մերժվում է:
27. Քաղաքացուն հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը կամ դրա տրամադրման մասին մերժումը տրվում է` դիմումը ներկայացնելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում:
28. Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան:
29. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգելու քննության անցկացման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: