ՀՀ ՊՆ․ Վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»։

 

Ինչպես արդեն հայտնել ենք, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցներ ու վիրավորներ չկան, սակայն թշնամին առաջ է եկել։

«Եթե GPS-ով Իշխանասարի 30 տոկոսն իրենցն էր, 70 տոկոսը՝ մերը, հիմա իրենք իրենց այնքան արտոնյալ են զգում, որ երեք կիլոմետր պետական սահմանը հատել են ու առաջ եկել։ Դա 100, 200, 300 մետր չի, կիլոմետրով առաջ են եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Սա ասում եմ վերջին 3 ժամերի տեղեկությունների համաձյն, եթե ավելի շուտ է եղել՝ տեղյակ չեմ, բայց վերջին ժամերին անընդհատ կապի մեջ ենք վարչական ղեկավարի հետ»,-ասաց փոխքաղաքապետը։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է հակառակորդը ՀՀ պետական սահմանը հատել առանց որևէ կրակոցի․ Իրինա Յոլյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է իրավասու մարմիններին տալ, երբ մենք շարժ ենք տեսնում, խնդրահարույց իրավիճակներ ենք տեսնում՝ այդ մասին անընդհատ ահազանգում ենք, բայց երբ իրավասու մարմինները, ովքեր պատասխանատու են անվտանգության համար ու հերքումը հերքումի հետևից գնում է, անընդհատ հերքում են ստեղծված իրավիճակը՝ մի օր էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել