Հակառակորդը Սյունիքում՝ Իշխանասարի ուղղությամբ մոտ երեք կիլոմետր պետական սահմանը հատել ու առաջ է եկել․ Գորիսի փոխքաղաքապետ

Քիչ առաջ լրատվականներից մեկը՝ Newspress.am-ը տեղեկություն հրապարակեց, ըստ որի․ «Մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ։ Շուրջ կես ժամ առաջ հակառակորդը հարձակում է նախաձեռնել: Հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են»։

Իրավաբան․net-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցներ ու վիրավորներ չկան, սակայն թշնամին առաջ է եկել։

«Եթե GPS-ով Իշխանասարի 30 տոկոսն իրենցն էր, 70 տոկոսը՝ մերը, հիմա իրենք իրենց այնքան արտոնյալ են զգում, որ երեք կիլոմետր պետական սահմանը հատել են ու առաջ եկել։ Դա 100, 200, 300 մետր չի, կիլոմետրով առաջ են եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Սա ասում եմ վերջին 3 ժամերի տեղեկությունների համաձյն, եթե ավելի շուտ է եղել՝ տեղյակ չեմ, բայց վերջին ժամերին անընդհատ կապի մեջ ենք վարչական ղեկավարի հետ»,-ասաց փոխքաղաքապետը։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչպես է հակառակորդը ՀՀ պետական սահմանը հատել առանց որևէ կրակոցի․ Իրինա Յոլյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է իրավասու մարմիններին տալ, երբ մենք շարժ ենք տեսնում, խնդրահարույց իրավիճակներ ենք տեսնում՝ այդ մասին անընդհատ ահազանգում ենք, բայց երբ իրավասու մարմինները, ովքեր պատասխանատու են անվտանգության համար ու հերքումը հերքումի հետևից գնում է, անընդհատ հերքում են ստեղծված իրավիճակը՝ մի օր էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել