ԱՄՆ դիվանագիտական ​​գերատեսչությունները ժամանակավորապես փակվելու են Թուրքիայում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ հայտարարեցին, որ առաջիկա օրերին փակ կլինեն՝ հնարավոր բողոքներ ակցիաների պատճառով:

«Ցույցեր կամ բողոքի ակցիաներ կարող են տեղի ունենալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակին Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ի հայտարարությունից հետո: Երկուշաբթի ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին նշված հաստատությունները փակվելու են՝ ԱՄՆ քաղաքացիներին ամենօրյա ծառայության և վիզաների տրամադրման համար», -նշվում է հայտարարության մեջ։

Շտապ օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապվել դիվանագիտական ​​գործակալությունների հետ հեռախոսով կամ էլ.փոստով։

Դիվանագիտական ​​ծառայությունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ԱՄՆ կառավարության շենքերի շրջակայքից և «ծայրահեղ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել