ԿԳՄՍ նախարարը հայտնում է՝ «Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել և վերջ»․ օրենքն այլ բան է ասում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված թեկնածու Գոռ Վարդանյանի մասին խոսելիս մարտի 22-ին՝ լրագրողների հետ զրույցում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց․

«Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել և վերջ։ Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա։ Եղել է գործընթաց, ուրբաթ օրը, եթե չեմ սխալվում, ինձ ասացին, որ ստացել են փաստաթղթեր՝ խորհրդի նախագահի կողմից ստացված, որոնք կուսումնասիրվեն և սահմանված կարգով որոշում կկայացվի»։

Ինչ վերաբերում է այն դիտարկամը, թե հնարավոր է նա չնշանակվի, նախարարը հայտնեց, որ որոշ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։

«Չէի ցանկանա հիմա հարցերի մասին կոնկրետ խոսել, որովհետև կան տարբեր կարծիքներ, այնտեղ, ըստ մեր ներկայացուցիչների, ովքեր ներկա են եղել խորհդի նիստին, եղել են որոշակի հարցեր, որոնց պատասխաններն իրենք չեն ստացել․ աշխատանքային սահմանված կարգով այդ բոլոր հարցերը կուսումնասիրվեն։ Ի դեպ, կարող եմ խոստանալ, որ այդ ամենը լինելու է լիովին թափանցիկ, որպեսզի ցանկացած որոշում, որը որ կկայացվի, լինի հիմնավոր և բոլորի համար պարզ, որ մեկի համար մութ անկյուն չմնա»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net-ն ուսումնասիրել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքները, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգը, լրատվամիջոցների կողմից հեռարձակված ուղիղ եթերը։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, մարտի 15-ին Հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի օրակարգային առաջին հարցը ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի քվեարկության երկրորդ փուլի անցկացումն է եղել։

Փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովը ներկայացրել է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ, համաձայն որի՝ Գոռ Վարդանյանի օգտին քվեարկել է 17 կողմ, 5 դեմ և մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգի 43-րդ կետի համաձայն խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել է քվեարկության արդյունքները և ընդունել որոշում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթում Գոռ Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ։

Հավելենք, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է․

«Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը»:

«Հիմնադրամների մասին» օրենքի 24-րդ հոդվածում ասվում է․

«Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ»:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի համաձայն ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, խորհրդի ընդհանուր կազմի ձայների պարզ մեծամասնությամբ։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգի 41-րդ կետի համաձայն․ «Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է խորհրդի ընդհանուր կազմի ձայների կեսից ավելին»։

43-րդ կետում ասվում է․ «Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքները և ընդունում համապատասխան որոշում»։

46-րդ կետի համաձայն էլ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է ՀՀ կառավարությունը։

Ուսումնասիրելով ուղիղ հեռարձակումը՝ պարզ է դառնում, որ քվեարկության ավարտին որոշ տարաձայնություններ են եղել 3 քվեաթերթիկի անվավեր լինել-չլինելու հետ կապված։ Քվեաթերթկներից 1-ը անվավեր է ճանաչվել հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամների միաձայն քվեարկության արդյունքում: Մյուս երկու քվեաթերթիկների հարցը բարձրացվել է Հաշվիչ հանձնաժողովի 5 անդամների շրջանակում և հանձնաժողովի հինգ անդամներից երեքի քվեարկության արդյունքում արձանագրվել է, որ այդ երկու քվեաթերթիկները համարվել են վավեր և հաշվարկվել են վավեր մյուս քվեաթերթիկների շարքում։

Հավելենք, որ երկու անդամները որպես անվավեր նշված քվեաթերթիկ են համարել, օրինակ, նշման մասից V նշանի ծայրի մի փոքր դուրս լինելը։

Ինչպես նշվում է կարգի 36-րդ կետում՝ քվեթաթերթիկն անվավեր ճանաչելու մասին որոշում կայացնում է հաշվիչ հանձնաժողովը, ինչը արդեն նշվեց վերևում 2 քվեաթերթիկների մասով չի արվել, հակառակը` դրանք, հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել են վավեր։

Հարկ է նշել հիշեցնել և ընդգծել, որ կարգի 43-րդ կետի համաձայն խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ է հաստատում հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, քվեարկության արդյունքները և ընդունում համապատասխան որոշում, ինչը և արվել է` նաև վիճահարույց երկու քվեաթերթիկների մասով։

Այս ամենից հետևում է, որ խախտման, քվեաթերթիկների անվավեր լինելու վերաբերյալ արձանագրություն չկա։ Հոգաբարձուների խորհուրդը արձանագրություն է կազմել մրցույթում հաղթող ճանաչելու մասին՝ վավեր համարելով նաև 3 քվեաթերթիկները, ինչի արդյունքում 17 կողմ ձայն է ստացվել, 5 դեմ, 1-ը՝ անվավեր։

Այս ամենից բխում է, որ Գոռ Վարդանյանը հավաքել է անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայները և ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Ռեկտորի ընտրության կարգի 47-րդ կետի համաձայն, քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում ընթացակարգային խախտումների դեպքում՝ խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրության դեպքում։ Նման արձանագրություն չկա, ավելին՝ խորհուրդը հաստատել է քվեարկության արդյունքները և ռեկտորի մրցույթում հաղթող ճանաչել Գոռ Վարդանյանին։

Կարգի 48-րդ կետում նշվում է, որ «խորհրդի նախագահը խորհրդի ընդունած որոշումը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, հիմնադրի հաստատմանը ներկայացնելու համար»։

Այս պարագայում ԿԳՄՍՆ-ին ոչինչ չի մնում անել, քան որոշումը հիմնադրին՝ կառավարությանը ներկայացնելը։

Հաշվի առնելով վեր ներկայացված փաստարկները ու դրանց հիման վրա կատարված իրավական վերլուծությունը, կարող ենք արձանագրել, որ կառավարությունը ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքը չհաստատելու հայեցողական որևէ լիազորություն չունի, ավելին՝ այն հանդիսանում է կառավարության իրավական պարտականությունը և կառավարությունը պարտավոր է հաստատել այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել