Գոռ Վարդանյանը Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել․ փակ, գաղտնի քվեարկությամբ 17 ձայն է ստացել

2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգային առաջին հարցն էր ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի քվեարկության երկրորդ փուլի անցկացումը։ Նիստին մասնակցում էին Խորհրդի 32 անդամներից 23-ը:

Օրակարգի հաստատումից հետո առաջին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ռեկտորի թեկնածու Գոռ Վարդանյանը։ Ողջունելով Հոգաբարձուների խորհրդի անդամներին, ներկաներին՝ ռեկտորի թեկնածուն նշեց, որ դեռևս առաջին փուլում ներկայացրել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի զարգացման հայեցակարգը, անդրադարձել իր պատկերացումներին Պոլիտեխնիկի ապագայի վերաբերյալ, այդ թվում՝ բուհի ուսանողական համակազմի թվաքանակի պահպանման հետագա զարգացման մոտեցումների, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության, հանրակրթության ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի և ուսումնական որակի բարձրացման հարցերի շուրջ։ Ըստ ռեկտորի թեկնածուի՝ կա անհարժեշտություն բուհի ներսում հետազոտական գիտական միջավայրի ստեղծման, որը պետք է նպաստի գիտության ապրանքայնացմանը։ Խոսելով կրթության միջազգայնացման մասին՝ թեկնածուն կարևորեց օտարերկրյա ուսանողների թվաքանակի մեծացումը։ «Պետք է իրականացվի արդյունավետ կառավարում թե՛ ֆինանսների, թե՛ մարդկային ռեսուրսների կառավարման և թե՛ շենք-շինությունների արդյունավետ գործունեության առումներով։ Ուսանողական ինքնակառավարման մարմնի, շրջանավարտների ասոցիացիայի, մեր գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքի ստեղծումը պետք է լինի ի շահ մեր Պոլիտեխնիկի»,- ասաց ռեկտորի թեկնածուն։ Խոսելով նաև հայեցակարգի կազմման մասին՝ Գ․Վարդանյանը նշեց․ «Ճիշտ է հայեցակարգում ներկայացված են իմ մոտեցումները, բայց ցանկանում եմ նշել ու ընդգծել, որ այս մոտեցումների հետևում կանգնած են Պոլիտեխնիկի մեծ ընտանիքից բազմաթիվ պրոֆեսորներ, դոկտորներ, դոցենտներ, երիտասարդ մասնագետներ, ուսանողներ, այդ թվում շրջանավարտներ, որոնք Պոլիտեխնիկի Զարգացման այս հայեցակարգին հայտնել են իրենց աջակցությունը»։ Ռեկտորի թեկնածուն շնորհակալություն հայտնեց Հոգաբարձուների խորհրդի անդամներին նիստին ներկա գտնվելու և երկրորդ փուլում իրեն այս հնարավորությունը ընձեռելու համար։ «Լիահույս եմ, որ Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից կունենամ վստահության քվե՝ շարունակելու բուհի լավագույն ավանդույթները, համերաշխ մթնոլորտում կառուցելու ժամանակակից տեխնոլոգիական կրթությամբ ուսումնական հաստատություն»,-եզրափակեց Գ․Վարդանյանը։

Ելույթից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահը ներկայացրեց քվեարկության կարգը։ Հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար խորհրդի անդամները առաջադրեցին թեկնածություններ, մասնավորապես՝ ՀԱՊՀ ՀԽ անդամ Սամվել Կարաբեկյանն առաջադրեց Գոհար Մամիկոնյանին, Բագրատ Մովսիսյանը՝ Անի Սիմոնյանին, Աշոտ Խաչատրյանը՝ Վարդան Պետրոսյանին, Գոհար Մամիկոնյանը՝ Ալեքսանդր Եսայանին, իսկ Վարդան Ալեքսանյանն ինքնաառաջադրվեց։ Արդյունքում Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը ըստ առաջարկությունների, որից հետո հաշվիչ հանձնաժողովը կազմակերպեց ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։

Փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց  արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ, համաձայն որի՝ Գ․ Վարդանյանի օգտին քվեարկել է 17 կողմ, 5 դեմ և մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգի 43-րդ կետի համաձայն խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատեց քվեարկության արդյունքները և ընդունեց որոշում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթում Գոռ Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել