Արձակման նպաստ վճարվում է ստորև շարադրված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է
- կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման)
- արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման ,
- աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հիմքերով, ապա
գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
Եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է
- աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու,
- աշխատողի երկարատև անաշխատունակության,
- աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու,
- աշխատանքի էական պայմանները փոփոխվելու,
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու հիմքերով, ապա գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ ըստ նրա աշխատանքային ստաժի`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:
Աղբյուրը` Իրավաբան. net