Անահիտ Ղ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության` հայցվորից 633.405 ՀՀ դրամի չափով տուգանք վճարելու վերաբերյալ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին։
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 14.03.2006թ.-ին թիվ 209816 բեռնափոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տրանսպորտային միջոց` «Toyota Land Cruiser» մակիշի մեքենա (արտադրությունը 1997թ.), որը գնել էր Արաբական Միացյալ Էմիրության Դուբայ քաղաքում։ Ներմուծման ժամանակ պարզվել է, որ գնված ավտոմեքենան գտնվում է միջազգային հետախուզման մեջ, որից հետո 03.04.2006թ.-ին որոշում է կայացվել կալանք դնել վերը նշված ներմուծված ավտոմեքենայի վրա։ Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նաև նյութեր, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 01.03.2007թ.-ի թիվ 2-226/2007 վճռով բավարարվել է Անահիտ Ղ.-ի հայցը, որով հանվել է 03.04.2006թ.-ին դրված կալանքը և թույլատրվել է հայցվոր Անահիտ Ղ.-ին կատարել ավտոմեքենայի մաքսազերծում։
Հայցվորը բազմիցս դիմել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը` թույլատրելու կատարելու մաքսազերծում, որին ի պատասխան հայտնել են, որ մաքսային պետական կոմիտեն չի կարող կատարել մաքսային ձևակերպում, քանի որ ավտոմեքենան գտնվում է միջազգային հետախուզման մեջ և ավտոմեքենայի վրա դրված արգելանքը վերացված չէ։
12.12.2007թ.-ին, երբ արդեն Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ հայցվորը բարեխիղճ ձեռք բերող է, իսկ քրեական հետապնդման մարմինն էլ որոշում էր կայացրել մերժել քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառով, մաքսային մարմինը 12.12.2007թ.-ին կազմել է «Ակտ», որով վարչական պատասխանատվության է ենթարկել հայցվորին 630,405 դրամի չափով, որն էլ նույն օրը հայցվորը վճարել է՝ մեքենայի մաքսազերծումը կատարելու նպատակով։
Դատարանի եզրահանգմամբ՝ 12.12.2007թ. կազմված ««Ակտ»-ը չի կարող դիտվել որպես մաքսային վճարների և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար առաջացած տույժերի վճարման պարտականություն առաջացնող փաստաթուղթ, առավել ևս դրանով որևէ մեկը չի կարող ենթարկվել վարչական պատասխատվության։
Սույն վեճի պարագայում վիճարկվող ակտում ներառված 633.405 դրամ գումարը հանդիսանում է 365 օրվա համար հաշվարկված տույժ` 14.03.2006թ.-ից մինչև 14.03.2007թ.-ը, այսինքն` մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, հետևաբար ՊԵԿ-ի կողմից որևէ կերպ հայցվորի վրա անհիմն որևէ պարտականություն չի դրվել։
Վերագրյալի հիման վրա, նկատի ունենալով, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել առ ոչինչ ճանաչել վարչական ակտը, մինչդեռ դատաքննությամբ հաստատվեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված «Ակտ» վերտառությամբ փաստաթուղթը վարչական ակտ չի հանդիսանում, դատարանը գտավ, որ այն ՀՀ վարչական դատարանում չի կարող ճանաչման հայցի առարկա հանդիսանալ, ուստի հայցվորի պահանջը ենթակա չէ Վարչական դատարանում քննության։
Դատարանը վճռեց Անահիտ Ղ.-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության` հայցվորից 633.405 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, կարճել։
Աղբյուրը` Իրավաբան.net