Հավաքներ ու տարբեր կոչեր Հանրապետության և Ազատության հրապարակներում․ ԶՈՒ ԳՇ-ն պահանջում է վարչապետի հրաժարականը

Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,-ասված է հայտարարության մեջ, որը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանի գլխավորությամբ ստորագրել են շուրջ 40 բարձրաստիճան զինվորականներ։

———

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց հայտարարությանը։ 

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»։

———

Այնուհետև Փաշինյանն ուղիղ եթերում կոչով դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

———

Հայտարարությամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»։

———

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոն հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմից անցել է գրեթե չորս ամիս: Պատերազմի և նրան հաջորդած շրջանի բազմաթիվ կենսական խնդիրներն այս ընթացքում ոչ միայն չեն մարել, այլեւ ավելի են խորացել, եղածներին ավելացել են նորերը: «Չորս ամիս անց դեռեւս լուծված չեն գերիների, նահատակ զինվորների հետ կապված խնդիրները, ադրբեջանական կողմի կամայական սահմանագծումները տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության պայմաններում, սրան գումարվում են անհասկանալի նահանջները Արցախ-Հայաստան կապերի եւ Արցախի ինքնիշխանության հարցերում»:

———

Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ելույթ կունենամ ժամը 16.00-ին: «Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը եւ մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»,-նշել է նա:

———

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդը հայտարարություն տարածեց՝ նշելով․ «Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում։

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»:

———

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»։

———

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: «Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում: Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»։

———

Կրեմլը մեկնաբանեց Հայաստանում ստեղծված իրավիճակը․ «Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը»

———

Հայտարարությամբ հանդես եկավ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ․ «Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։

Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։

———

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորեց զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց և նախազգուշացրեց, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները»:

———

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Կառավարության շենքից՝ երթով պտույտ անելով Փոքր Կենտրոնի տարածքում։

———

Հայտարարություն տարածեց նաև Հանրապետական կուսակցությունը․ «Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։ Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը»։

———

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը․ «Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»։

———

Նոր հայտարարություն տարածեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը․ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։

———

Ստեղծած իրավիճակի վերաբերյալ կոչով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների: Երկրում ռազմական դրություն է: Արտաքին վտանգն իրական է՝ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները»։

———

Ընդդիմության հավաքի ժամանակ Ազատության հրապարակում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց․ «Փաշինյանը ցանկանում է հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել»։

———

Հանրապետության հրապարակում Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ զինված ուժերի զինծառայողներին՝ նշելով․ «Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը ԶՈՒ բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, սպաներին․ պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ․ սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում, հանրահավաք ժամանակ»։

https://youtu.be/yaH6DLMDmM0

Փաշինյանը նաև հավելեց․ «Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները։ Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա»։

https://youtu.be/klQwCDnulX0

———

Վազգեն Մանուկյանը՝ դիմելով Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ժողովրդին կոչ արեց շարունակել պայքարել։

«Նիկոլի հետ միայն խոսելու մի բան ունենք՝ քննարկել, թե ոնց է հեռանալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Թող գա, մենք իրեն թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա: Մենք կմնանք այստեղ, կսպասենք ԱԺ պատգամավորներին կամ նրանց կբերենք, որ գան, քվեարկեն, Նիկոլին հեռացնեն: Պատրաստվե՛ք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու։ Ժողովո՛ւրդ, մի՛ հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Եղեք տոկուն, համբերատար»։

———

Նիկոլ Փաշինյանը դիմեց ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ կոչ անելով թողնել պաշտոնը․ «Օնիկ ջան, պետք չի»:

Վարչապետի խոսքով՝ իրենք վերջ կդնեն թավիշին։ «Վերջ թավիշին, մենք մեր ձեռքը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա»․ հայտարարեց նա։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները։ Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա»։

https://youtu.be/klQwCDnulX0

Վարչապետը նաև կոչով դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին․ «Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք՝ կձերբակալենք»։

———

Օրվա ավարտին հայտարարություն տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»։

———

Ազատության հրապարակում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կարդաց ոստիկանների հայտարարությունը․ «Մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգությունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին, և ուժ չկիրառել ժողովրդի դեմ»։

Հայտարարություն տարածեց Եվրամիությունը՝ կոչ անելով․ «Խնդրում ենք բոլոր դերակատարներին պահպանել հանգստություն և խուսափել այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրացման: Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները»։

———

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս դիմեց կղմերին․ «ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին»։

———

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Ռուսաստանի նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,-  հավելել է Պեսկովը:

———

Հայտարարություն տարածեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմը․ «Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով: Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով։ Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել