Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն․ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը տարածել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը․

«ԱՄՆ դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ ԱՄՆ-ն, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»։

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել