Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականին արձակուրդում եղել է 4 անգամ, աշխատանքի չի ներկայացել նաև կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով։
Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է, որ ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ:
Ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման, Երևանի քաղաքապետարանը որոշ մանրամասներ է ներկայացրել։ Մարությանը օգտվել է ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդներից։
Նշենք, որ Երևանի քաղաքապետը լրացուցիչ արձակուրդի իրավունք ունի։ Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում է կառավարության 2005 թվականի N 1384-Ն որոշման համաձայն։ Այս որոշման 1-ին հավելվածի 18.1 կետում նշվում է նաև վարչական պաշտոններ զբաղեղեցնող անձանց լրացուցիչ 4 արձակուրդային օր ունենալու մասին։ Մարությանը վարչական պաշտոն զբաղեցնող անձ է համարվում։ Սա էլ սահմանվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ըստ որի համայնքային վարչական պաշտոն է համարվում նաև Երևանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
2020 թվականին ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդներից Հայկ Մարությանն օգտվել է մասերով։ Աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով:
Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում։
Քաղաքապետը 2020-ին արձակուրդն օգտագործել է մասերով․
- մարտի 10-ից մարտի 13-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր,
- հուլիսի 27-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 5 աշխատանքային օր,
- օգոստոսի 11-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 11 աշխատանքային օր,
- նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր և 2019թ. չօգտագործված արձակուրդի 8 աշխատանքային օրերը, (որից 4 աշխատանքային օր հետ է կանչվել),
- նոյեմբերի 14-ից նոյեմբերի 28-ը ներառյալ` անաշխատունակության թերթիկ (covid 19+):
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո Հանրապետությունում աշխատանքային օրերը սկսեցին հունվարի 8-ից։ Քաղաքապետը տոնական օրերից հետո շարունակեց իր արձակուրդը՝ 2021թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը ներառյալ՝ օգտագործելով նաև նախորդ տարվա արձակուրդի հետ կանչված 4 օրերը։