ԲՈւՀ-երի ռեկտորները կնշանակվեն ԿԳՄՍ նախարարի կողմից. հակասահմանադրական օրինագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում

Կառավարության հերթական նիստի՝ դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Իրավաբան․net-ը ուսումնասիրել է օրենքի նախագիծը և  խնդրահարույց ու հակասահմանադրական դրույթներ հայտնաբերել։

Չնայած նրան, որ օրենքի նախագծով նախատեսված է, որ բուհերի ռեկտորների ընտրությունը պետք է կատարվի կառավարման խորհրդի /հոգաբարձուների խորհրդի/ կողմից, սակայն անցումային դրույթները այլ կարգավորում են նախատեսումը։

Հիմնական օրինագծի 31-րդ հոդվածում նշվում է, որ բուհի ռեկտորը պետք է ընտրվի բաց մրցույթի կարգով՝ բուհի կառավարման խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, ինչպես նաև նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն բուհում ընտրվել ռեկտորի կամ մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

Նախագծի անցումային դրույթներում նշվում է, որ հանրային բուհերի և հանրային գիտական կազմակերպությունների կառավարման խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Իսկ մինչ նշված օրենքով նախատեսված կարգով նոր կառավարման խորհուրդների ձևավորումը, հանրային բուհերի գործող կառավարման խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը:

Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Այս դեպքում լիազոր մարմին է հանդիսանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունն է նշանակելու բուհի ռեկտորին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել