Իրավաբան.net-ը հայտնում է, որ Սահմանադրության 115-րդ հոդվածով սահմանվում է վարչապետին անվստահություն հայտնելը։ Հոդվածի համաձայն․
1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 , և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:
Սահմանադրության 157-րդ հոդվածով էլ սահմանվում է Կառավարության վստահության հարցը․
1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:
2. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված:
3. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:
4. Կառավարությունը սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ չի կարող դնել իր վստահության հարցը:
5. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: