France-Presse-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան որոշել է հետ կանչել Անկարայում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել էր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի խոսքերը «լուսավոր իսլամի» մասին: Թուրք քաղաքական գործիչն ասել է, որ Մակրոնը պետք է «բուժի իր հոգեկանը»:
«Ի՞նչն այնպես չէ Մակրոնի մոտ իսլամի և մահմեդականների հետ կապված: Այն փաստը, որ պետության ղեկավարը իր երկրում այդ կերպ է վարվում միլիոնավոր մահմեդականների հետ, առաջին հերթին մտքի վերահսկողության կորուստ է նշանակում: Նա պետք է բուժի իր հոգեկանը», – ասել է Էրդողանը Կայսրիում, հեռարձակումն իրականացվել է նախագահի Twitter-յան էջում:
Ավելի վաղ Մակրոնը ելույթ է ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Երկրի ղեկավարը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ. Այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաներին ուսուցանելուն: Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը երկրում կկառուցի «լուսավոր իսլամ»: Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է «իսլամը <…> ազատել արտաքին ազդեցությունից և ուժեղացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: