Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախյան գոյամարտում մահացել է պայմանագրային զինծառայող, 1990 թվականին ծնված Արմեն Մխիթարի Նալբանդյանը:
«Նա այն հազվագյուտ մարդկանցից է, որի մասին ոչ ոք ոչ մի վատ բառ չի ասի: Արմենը շատ նվիրված էր իր աշխատանքին, իր ընտանիքին: Իրեն «վայեննի» կյանքից հնարավոր չէր հանել, իր գործի համար ամեն ինչի պատրաստ էր»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արմենի կինը՝ Նարինե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ Արմեն Նալբանդյանը պայմանագրային զինծառայության էր անցել 2011 թվականից։ Սկզբում ծառայել Էջմիածնում, այնուհետև աշխատանքը շարունակել Քարվաճառում։
«Արմենը մի ընկերոջ կյանքը փրկել է մյուսինը չի հասցրել՝ զոհվել է»,- պատմում է կինը, և հիշում է ամուսնու վերջին խոսքերը. «Էրեխեքիս լավ կնայես»: