Զորահավաքի ենթակա են նաև վերջին մեկ տարում զորացրված քաղաքացիները․ օրենքը թույլ է տալիս

Վերջին օրերին Իրավաբան․net-ը պարբերաբար հարցեր է ստանում այն մասին, թե արդյո՞ք կարող են զորահավաքի կանչվել վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված քաղաքացիները, ինչի շրջանակներում իրազեկում ենք․

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է զինվորական ծառայության տեսակներնը, որոնք են․

1) ժամկետային.

2) պահեստազորային.

3) զորահավաքային:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը շարքային կազմի համար` 24 ամիս է, որոշ դեպքերում 3 տարի՝ մասնավորապես․ շարքային կազմի այն պարտադիր զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում են պայմանագիր` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

Զորահավաքային զինվորական ծառայություն է համարվում օրենքով սահմանված դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում զորահավաքային զորակոչի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Զորահավաքային զինվորական ծառայությունն իրականացվում է մինչև զորահավաք հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքի` օրենքով սահմանված կարգով դադարեցումը:

Պահեստազորային զինվորական ծառայություն է համարվում պահեստազորի պատրաստության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի համաձայն չեն կարող կանչվել վարժական հավաքի, այլ ոչ՝ զորահավաքի։ Հոդվածի 5-րդ կետում նշվում է․  որ պարտադիր զինվորական ծառայությունից համապատասխան սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

Իրավաբան.net-ը հարկ է համարում հիշեցնել, որ սեպտեմբերի 27-ին կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք․

  1. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

Այսինքն, զորահավաքին կարող են կանչվել նաև վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված ժամկետային զինծառայողները։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել