Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 29 անձ․ ի՞նչ տարիք ունեին նրանք

Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր թվով 29 քաղաքացի։ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների համաձայն մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող այլ հիվանդություններ։

Մահվան 1-ին դեպքը գրանցվել է մարտի 26-ին։ Նախարարության հայտնած տվյալների համաձայն պացիենտը 72 տարեկան է եղել, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Մարտի 29-ին գրացնվել են մահվան 2-րդ և 3-րդ դեպքերը՝ 55 տարեկան կին և 73 տարեկան տղամարդ։

4-րդ դեպքը գրանցվեց ապրիլի 1-ին՝ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։

Ապրիլի 2-ին գրանցվեց մահվան միանգամից 3 դեպք։ Մահացած պացիենտներից մեկը ՀՀ քաղաքացի չէր, նա 78 տարեկան էր, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Մյուս մահը գրանցվել է 68 տարեկան քաղաքացու մոտ, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Հաջորդ մահը արձանագրվել է 76-ամյա պացիենտի մոտ, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա:

Ապրիլի 5-ին գրանցվել է մահվան 8-րդ դեպքը, քաղաքացին 68 տարեկան է եղել, ունեցել երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբ, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի:

Ապրիլի 7-ին, 8-ին, 9-ին գրանցվել են մահվան մեկական դեպքեր։ Մահացած 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Մահվան 12-րդ և 13-րդ դեպքերը գրանցվել են ապրիլի 10-ին։ 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ապրիլի 12-ին գրանցվեց 14-րդ մահը․ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։

Ապրիլի 13-ին գրանցվեց ևս 2 մահ․ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

17-րդ մահը գրանցվել է ապրիլի 14-ին․ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ, զստային զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։

18-րդ մահը գրանցվեց ապրիլի 15-ին․ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 16-ին գրանցվել է կորոնավիրուսից 19-րդ մահը․ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Ապրիլի 17-ին՝ 20-րդ մահվան դեպքը․  75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, սեպսիս, ռեֆրակտեր սեպտիկ շոկ։

Ապրիլի 19-ին գրանցվեց ևս 2 մահ․ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

23-րդ և 24-րդ մահվան դեպքերը գրանցվել են ապրիլի 20-ին․ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Ապրիլի 23-ին գրանցվեց 3 մահվան դեպք․ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և կրկին ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Մահվան 28-րդ դեպքը գրանցվել է ապրիլի 24-ին՝  պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Ապրիլի 26-ին էլ գրանցվել է մահվան 29-րդ դեպքը։ Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով մահացած պացիենտների տարիքներն են՝ 55, 58, 62, 65, 65, 66, 67, 68, 68, 71, 72, 72, 73, 73, 75, 78, 78, 80, 80, 81, 81, 82, 84, 86, 87, 88, 89, 90, 93:  Միջին տարիքը՝  75,4։

Հավելենք, որ ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1808, որից 848-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 931-ը, բացասական թեստերը եղել են՝ 18 547-ը, մահվան դեպքերը՝ 29-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել