Հայցվոր Գարսևան Մալխասյանը, դիմելով դատարան, խնդրել է լուծել իր և պատասխանող Քրիստինա Գրիգորյանի ամուսնությունը` առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու:
Նշենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի`ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:
Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:
Սյուն գործով պատասխանող Քրիստինա Գրիգորյանը հայցապահանջի վերաբերյալ ուղարկել է հայցադիմումի պատախան, որով հայտնել է, որ ինչպես ցանկացած, այնպես էլ իրենց ընտանիքում ընտանեկան անախորժություններ են եղել, սակայն դրանք հիմք չեն կարող հանդիսանալ երիտասարդ ընտանիքը լուծելու համար: Իրենց ամուսնությունը ձևական բնույթ չի կրում, ավելին իրենք ունեն երկու անչափահաս երեխա, ապրում են նույն հարկի տակ: Խնդրել է իրենց հաշտվելու համար տրամադրել երեքամսյա ժամկետ, որպիսի միջնորդությունը դատարանի որոշմամբ բավարարվել է:
Նշված ժամկետից հետո հայցվորը պնդել է հայցապահանջը, իսկ պատասխանողը կրկին առարկել:
Հետաքրքիրնն այն է, որ դատարանը մերժել է հայցապահանջը` նշելով, որ Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի` ՙԳործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը՚, իսկ նման փաստեր, ըստ դատարանի, հայցվորը չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, օրենքը չի սահմանում պարտավորություն` ամուսնությունը լուծելու համար հիմք համարվող ապացույցների ներկայացումը, ավելին, հաշտվելու համար տրված ժամկետի ավարտից հետո, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար, ապա դատարանը պարտավոր է լուծել կողմերի ամուսնությունը:
Փաստորեն, ամուսինը պնդել է ամուսնությունը լուծելու մասին հայցապահանջը, բայց դատարանն այն անհայտ պատճառով չի բավարարել:
Հայցվորը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն թույլ է տվել բողոքի ձևին ներկայացվող պահանջների խախտում, ուստի այն վերադարձվել է:
Աղբյուրը` Իրավաբան.net