Ի՞նչու են քաղաքացիները 8-րդ միջոցառման շրաջանակում ավելի պակաս գումար ստանում, քան՝ 68 հազար դրամը

Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մասին որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:

Ծրագրի շրջանակներում աջակցության չափի մասին ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, մանրամանսեր է ներկայացրել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նշենք, որ եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

Տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Հավելենք, որ աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:

Հիշեցնենք, որ այս ծրագրից շրջանակներում ամենից շատ տուժած ոլորտներ են համարվում․

  • Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • Հանրային սննդի ծառայություններ,
  • Զբոսաշրջային ծառայություններ,
  • Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:

Ավելի ուշ՝ մարտի 16-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ այս ոլորտներն ընդլայվեցին, ներառվեցին նաև հետևյալ ոլորտները՝

  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։

Այստեղ կան նաև բացառություններ տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

Հարկ է նշել, որ աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների: Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են տուժած ոլորտի վարձու աշխատող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել