Աննա Գինոսյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 04.03.2008թ. փաստական ամուսնության մեջ է գտնվել Արթուր Խուդոյանի հետ: 19.02.2009թ. իրենց ամուսնությունը գրանցվել է Արտաշատի ՔԿԱԳ-ում և ստացել են թիվ 122670 ամուսնության վկայականը:
Համատեղ ամուսնությունից ունեն մեկ երեխա` Նորայր Արթուրի Խուդոյանին: Աննան խնդրել է երեխայի հետ տեսակցության կարգ սահմանել:
27.10.2010թ. պատասխանողը քաղ. հայց է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ամուսնալուծության և երեխայի խնամքի ու դաստիարակության պահանջի մասին: Դատարանը պատասխանողի հայցապահանջը բավարարել է և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է Արթուր Խուդոյանին:
Սույն գործով Արթուր Խուդոյանը հայտնել է, որ հայցն ակնհայտ անհիմն է և հակընդդեմ հայցով խնդրել է Աննա Գինոսյանին զրկել ծնողական իրավունքներից:
Արթուր Խուդոյանը հայտնել է, որ նախկին կնոջ կողմից խաբված է եղել որպես նորմալ և պարկեշտ կնոջ: Ամուսնությունից հետո նրանք բնակվել են ԼՂՀ-ում, որտեղ ինստիտուտն ավարտելուց հետո Ա. Խուդոյանը նշանակված էր աշխատելու:
12.10.2009թ. Խուդոյանը տեղափոխվել է աշխատելու ՀՀ ՊՆ-ում և այդ կապակցությամբ կնոջ և երեխայի հետ տեղափոխվել է ք. Արտաշատ և ապրել ծնողների հետ:
23.07.2010թ. Խուդոյանը նախկին կնոջ պահանջով, որդու հետ մի քանի օրով հյուր են գնացել Արթիկ քաղաք` Ա. Գինոսյանի ծնողների տուն:
25.07.2010թ. երեկոյան Ա. Գինոսյանը հայրական տանը լքել է երեխային և ամուսնուն` չասելով, թե ուր է գնում: Ա. Խուդոյանի պահանջով Ա. Գինոսյանի հայրը 27.07.2010թ.` ժամը 02:00-ին, հայտնել է ոստիկանության Արթիկի բաժին` աղջկա բացակայության մասին:
28.07.2010թ.` ժամը 15:00-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ա. Գինոսյանը, ներկայացվել ոստիկանություն: Համաձայն ոստիկանության կողմից տրված գրության` Ա. Գինոսյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում ապրել ոչ ծնողների, ոչ ամուսնու հետ, այդ իսկ պատճառով մեկնել է Գյումրի քաղաք` աշխատանք փնտրելու: Համաձայն ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի կողմից 15.10.2010թ. տրված թիվ 66/6/29/03 գրության` Ա. Գինոսյանը հարևանների և շրջապատի կողմից բարոյականության տեսանկյունից բնութագրվել է խիստ բացասական:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի` ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝
ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.
բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.
գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.
դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.
ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.
զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի` ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:
Սույն գործով դատարանը գտել է, որ Աննա Գինոսյանին պետք է զրկել ծնողական իրավունքներից, որպիսի պայմաններում նրա հայցը` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, ենթակա է մերժման:
Աղբյուրը` Իրավաբան.net