Քաղաքացիներին շուրջ 520 անվճար խորհրդատվություն է տրամադրել Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ 2 շաբաթում

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) մարտի 23-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված, մարտի 16-ից 30-օրյա ժամկետով հայտարարված արտակարգ դրությունը և աշխատանքային հարցերի հետ կապված մի շարք սահմանափակումները՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրենց հարցերը կներկայացնեն կազմակերպությանը:

Մարտի 23-ից մինչև ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում ԻՀԱ իրավաբանները պատասխանել են քաղաքացիների 521 հարցի։

ԻՀԱ Քաղհասարակության կազմակերպությունների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները հիմնականում հարցեր են ուղղում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության աջակցության միջոցառումների վերաբերյալ։ «Մենք անդադար հարցեր ենք ստանում այն մասին, թե արդյոք իրենք սոցիալական այս կամ այն միջոցառման շահառու հանդիսանում են, թե ոչ, ինչպես կարող են դիմել այդ աջակցությունը ստանալու համար, ինչպես է որոշվում, որ սոցիալական աջակցության միջոցառումներով նշված հենց այդ թիրախային խմբերը պետք է աջակցություն ստանան, իսկ մյուս տուժած թիրախային խմբերը ոչ, ինչու են սոցիալական աջակցության միջոցառումները ձևակերպվում ոչ բավարար հստակությամբ, ինչն էլ քաղաքացիների մոտ մի շարք հարցեր է առաջացնում»։

Ինչ վերաբերում է խորհրդատվություններն անվճար տրամադրելուն, իրավաբանը նշեց․ «ԻՀԱ-ն մինչ մարտի 23-ն էլ էր տրամադրում խորհրդատվություններ, մարդիկ իրենց հարցերը ֆեյսբուքյան էջի, էլեկտրոնային փոստի միջոցով էին ուղղում։ Կարանտինի օրերին մեր քաղաքացիներին օգնելու մի տարբերակ էր սա, որի կարիքը նրանք իսկապես շատ ունեին, ինչն էլ փաստում է այն վիճակագրությունը, թե մի քանի օրվա ընթացքում քանի հարց ենք ստացել։ Սոցիալական վատ վիճակում գտնվող քաղաքացիներին անվճար խորհրդատվություն տրամադրելու բացի այլ տարբերակ չէր կարող լինել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել