Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում քննարկվող երեք հարցերից մեկը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած դիմումի քննարկումն էր:
Դիմումում նշվում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել, դրանց տարածքները վարձակալել և այդ ընտրական շտաբների վրա ավելի քան 1600 քարոզչական պաստառ է փակցվել՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվամբ ու կարգախոսով:
Ըստ դիմումատուի՝ նշված տարածքների վարձակալության ու այդ քարոզչական պաստառների տպագրման ծախսերը ներառված չեն ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված հայտարարագրերում:
Ավելի 1600 տարածքների վարձակալության շուկայական արժեքը և դրանց վրա տեղադրված ավելի քան 1600 քարոզչական պաստառների ծախսերն ավելի քան 10 տոկոսով գերազանցում է նախընտրական հիմնադրամի սահմանած առավելագույն չափը՝ 100.000.000 դրամը, այդպիսի պայմաններում անհրաժեշտ է որպեսզի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում ուսումնասիրի վերը նշված փաստերը և դիմի դատարան, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը ճանաչած համարելու համար: Դիմումին կից ներկայացվել էին նաև մամուլի հրապարակումներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցեց ներկայացված դիմումն ամբողջությամբ, ապա հարց ու պատասխանի միջոցով պարզաբանեցին անհրաժեշտ տեղեկատվությունը:
ԿԸՀ-ը որոշում կայացրեց մերժել դիմումը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net