25.12.2011թ. հայցվորն իր ծանոթներից տեղեկացել է, որ Երևան քաղաքի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա, հայտնի ահաբեկիչ Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված են հայցվորի և փաստաբան Հայկ Հարությունյանի լուսանկարները, որոնց վերևում զետեղված է ներքոշարադրյալ բովանդակությամբ «Հրաման» վերնագրված տեքստը.
«Ստորև նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու /ՄՀ/ կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն /ՀԴՈ/ կատարելու համար.
1.Հայկ Հարությունյան /ՀԴՈ/
2.Վարդան Աթայան /ՀԴՈ/
3.Բեն-Լադեն /ՄՀ/
4.Սադամ Հուսեյն /ՄՀ/
Ծանոթություն – վերը նշված անձնաց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»։
Հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողների կողմից իր և իր մերձավորների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելը պայմանավորված է հայցվորի աշխատանքային գործունեությամբ, վերջինս հանդիսանում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և իր լիազորությունների շրջանակում հանդես է գալիս «Յունիբանկ» ՓԲԸ-ի անունից։ Ներկա դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան» հոլդինգ ՍՊԸ-ի միջև առկա վարկային հարաբերություններից ծագող քաղաքացիաիրավական վեճերով կան մի շարք դատական գործեր և այդ բոլոր գործերով «Յունիբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական օգնությունը և սպասարկումն իրականացվում է «Էս-Էն-Ար-Սի» իրավաբանական գրասենյակի կողմից, որի աշխատակիցն է հանդիսանում Հայկ Հարությունյանը։
Դատարանը վճռել է Վարդան Աթայանի հայցը ընդդեմ համապատասխանող Մանվել Տեր-Առաքելյանի մերժել` նկատի ունենալով, որ վերջինս չի հանդիսանում պատշաճ պատասխանող, իսկ Վարդան Աթայանի հայցը ընդդեմ համապատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի՝ բավարարել մասնակի.
Պարտավորեցնել պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն հայցել հայցվոր Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հետևյալ բովանդակությամբ.
«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ
«Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն հայցում է Վարդան Աթայանի ներողամտությունը նրա վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, անհարկի համեմատություն թույլ տալու և նրան հանրային սննդի օբյեկտում սպասարկումը մերժելու համար»։
Ներողության ձևավորման «տառատեuակի չափը ու տեսակը չպետք է զիջի «Հրամանի» տեղեկատվությանը։
Աղբյուրը` Իրավաբան.net