Որքա˚ն են ծախսել ՀՀ նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչության համար. Արձանագրվե˚լ են խախտումներ

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ֆինանսավորման ժամանակ որևէ խախտում չի արձանագրվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը:

Նման եզրահանգման հանձնաժողովը եկել է համադրելով բանկերի կողմից տրամադրված նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ տեղեկանքները, թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերը և ծախսերը հիմնավորող կից ներկայացված փաստաթղթերը:

Սևակ Հովհաննիսյանն արտահերթ նիստում ներկայացրեց հունվարի 14-ից մինչև փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի համար հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանք, որը վերաբերում էր ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարված վճարումների և այդ գումարների օգտագործմանը:

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրությունների համար 102 միլիոն 49 հազար 600 դրամից 93 մլն 625 հազար 904 դրամը ծախսել է ապրանքների և ծառայությունների ձեռք բերման համար, իսկ հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի մասով` 8 միլիոն 2 հազար 117 դրամ: Մնացորդը կազմել է 421 հազար 579 դրամ է:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հիմնադրամ մուտքագրված 91 միլիոն և 5 մլն 184 հազար 180 դրամն ամբողջությամբ ծախսել է:

Հրանտ Բագրատյանը 12 միլիոն 595 հազար դրամից ծախսել է 12 միլիոն 592 հազար դրամը: Տեղեկացնեք, որ նրա կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը կազմել է 13 միլիոն 62 հազար դրամ: Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մնացորդը կազմել է 3 հազար դրամ:

Անդրիաս Ղուկասյանի նախընտրական հիմնադրամն ամբողջությամբ ծախսել է մուտքագրված 5 միլիոն 184 հազար 180 դրամը: Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի գնած ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը կազմել է 6 միլիոն 184 հազար 180 դրամ:

Պարույր Հայրիկյանը 1 միլիոն 24 հազար դրամից ծախսել է 1 միլիոն 12 հազար 100 դրամը: Գնված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 3 միլիոն 132 հազար 100 դրամ է: Հիմնադրամում մուտքագրված գումարի մնացորդը կազմել է 11 հազար 900 դրամ:

Վարդան Սեդրակյանը 700 հազար դրամից ծախսել է 520 հազար դրամը, մնացորդը կազմել է 180 հազար դրամ:

Արման Մելիքյանը հիմնադրամ չի բացել:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել