Հայցադիմում առանց պատասխանողի՞

Ելենա Մկրտչյանը դիմում է ներկայացրել դատարան` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու հիմքով այն ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետող անձի սեփականությանը հանձնելու պահանջի մասին, խնդրելով` Վանաձոր քաղաքի, Նարեկացու 3-րդ փակուղի թիվ 5 հասցեի տնատիրության Նվարդ Խաչատուրի Խալատովայի բաժնեմասը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ ճանաչել այն տիրապետող անձի` Ելենա Մկրտչյանի սեփականության իրավունքը:

Ելենա Մկրտչյանը, սակայն, իր դիմումում չի նշել, թե ում դեմ է հայց ներկայացնում, այսինքն` պատասխանողին, հետևաբար չի նշել նաև վերջինիս փաստացի բնակության վայրը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` հայցադիմումում պետք է նշվեն գործին մասնակցող անձնաց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության /գտնվելու վայրի/ հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` հայցադիմումում պետք է նշվեն հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:

Ներկայացված դիմումում նշված պահանջն անհրաժեշտ է ներկայացնել հայցային վարույթի կարգով, նշելով` պատասխանողին, նրա բնակության վայրի հասցեն, ինչպես նաև նրան ուղղված պահանջները:

Դատարանը վերադարձրել է «դիմում-հայցադիմումը»:

Հայցվորը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, փոխարենը կարող էր եռօրյա ժամկետում, ուղղելով իր կողմից թույլ տրված բացթողումները, կրկին հայցադիմում ներկայացնել դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել