Varks.am-ից հայտնել են, որ եթե քաղաքացին անգամ 1 օր ուշացնի մոտ կես միլիոն դրամի չափով վճարումը, դա կերևա նրա վարկային պատմության մեջ․ ահազանգ

Varks.am-ից հայտնել են, որ եթե քաղաքացին անգամ 1 օր ուշացնի 500 հազար դրամից ավելի վճարումը, դա կերևա նրա վարկային պատմության մեջ․ ահազանգ

Մարինա Ս․-ն Varks.am-ում վարկային մարում է կատարում. վարկի ընդհանուր գումարը մոտ 500 հազար դրամի չափ է։ 

Նրա խոսքով, հերթական մարման ժամկետը մարտի 30-ին էր։ Վարկառուն փորձել է վարկի մարման օրը հետաձգել, ինչի հնարավորությունը նախկինում տվել է վարկային կազմակերպությունը, սակայն այս անգամ Varks.am-ը մերժել է քաղաքացուն։ Մարինան Իրավաբան․net-ի հետ զրույցում ներկայացրել է ծագած խնդրի մանրամասները։

«Վարկի մարում եմ կատարում Varks.am-ում։ Ընդահնուր 520 հազար 250 դրամի չափով վարկ ունեմ վերցրած։ Այն ձևակերպված է ընկերուհուս, Ս․ Ի․- անունով, նա արտերկրում է և վճարումները պարտաճանաչ կերպով միշտ ես եմ կատարել։ Քանի որ երկրում արտակարգ իրավիճակ էր, որոշեցիք այս ամսվա մարումը չկատարել և ժամկետը երկարաձգել գոնե 1 ամսով։ Նշեմ, որ մեր և Varks.am-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ երկարաձգումները թույլատրելի են։ Ես երեկ գնացի կազմակերպություն՝ երկարաձգում կատարելու համար, սակայն ինձ ասացին, որ ժամկետը երկարաձգել չեմ կարող և հենց այդ պահին պետք է ամբողջ գումարը վճարել, այլապես վարկը կհամարվի ժամկետանց»,-նշել է նա։

Մարինայի խոսքով՝ միշտ վճարումները կատարել են ժամանակին, ուշացումներ չեն ունեցել, իսկ եթե հասկացել են, որ այդ ամիս չեն կարող վճարում կատարել, երկարաձգել են վճարման ժամկետը։

Վարկային կազմակերպությունը «Հաճախ տրվող հարցեր» էջում անդրադարձել է վարկի մարման օրվա հետաձգմանը․ 

Մարինան զանգահարել է նաև Կենտրոնական բանկ, որտեղից նրան պատասխանել են, որ ամեն ինչ պետք է արվի լուծարային հանձնաժողովի որոշման համաձայն։

Հիշեցնենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ լուծարային ծրագրին համաձայն լուծարային հանձնաժողովը որոշել է, որ այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Իսկ այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ): Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

«Ընդամենը 1 օր է մնացել, որ դառնար ապրիլի 1-ը։ Ինձ անակնկալ ասում են, որ չես կարող երկարաձգել, պետք է վճարես։ Մեզ համար այս որոշումը անակնկալ էր։ Ապշած եմ լուծարային հանձնաժողովի այսպիսի որոշումից։ Ընդամենը 2 օրում, արտակարգ դրության պայմաններում, եկամուտների կրճատման պայմաններում ինչպե՞ս կարող է վարկառուն 500 հազար դրամից ավելի վարկային մարում կատարել։ Գոնե 1 ամիս հետաձգեին ու ժամանակ տային, որպեսզի վարկը ամբողջությամբ մարենք։ Մարդկանց դնում են անելանելի վիճակում»,-նշում է Մարինան ու հավելում, որ վարկառուն ունեցել է վարկային «մաքուր» պատմություն, երբեք ուշացումներ չի ունեցել։ Սակայն Varks.am-ից հայտնել են, որ եթե չվճարի մարտի 31-ին, վարկային պատմությունում դա երևալու է։

Նշենք, որ Varks.am-ի ներկայացրած պայմանների համաձայն՝ վարկի վճարի ուշացման պարագայում հաշվարկվում է 0,13% տույժ յուրաքանչյուր ուշացման օրվա համար։ Քաղաքացուն հայտնել են, որ տույժեր չեն հաշվարկվելու, սակայն ուշ վճարելու դեպքում «փչանալու»  է վարկային պատմությունը՝ ընկնելու «սև ցուցակ»։ 

Մարինա Ս․-ն Լուծարային հանձնաժողովին  խնդրում է վերանայել որոշումը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել