Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Բորիս Մ.-ն ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձանաժողովի՝ 30.12.2010թ. խաղաղ պայմաններում զորակոչելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Գործը գտնվում է դատավոր Արման Թովմասյանի վարույթում:
Այսպես, համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի՝
Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (բացառությամբ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի ուժով՝
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում.
բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
գ) քաղաքացին` կառավարության որոշմամբ.
դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.
ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:
Հարկ է նաև իմանալ, որ հիշատակված իրավական ակտի 29-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին մասի համաձայն՝
Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների` մինչև երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝
Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`
ա) զորակոչի միջոցով մինչև 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.
բ) պայմանագրային զինվորական ծառայության` անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net