Որքանո՞վ է օրինաչափ անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության մատչելիության սահմանափակումը

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի՝ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի տեղեկատվության մաս կազմող՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական գրանցման գործառույթի իրականացման արդյունքում գրանցում իրականացնող մարմնի կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում նաև` գրանցման համար ներկայացված, ինչպես նաև անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում առկա տեղեկատվությունից` անկախ դրա նյութական կրիչի (այսուհետ` իրավական կադաստրի տեղեկատվություն), ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չեն համարվում հետևյալ տեղեկությունները`


1) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները.
2) հողամասի և շինությունների կադաստրային արժեքի (զուտ եկամտի) հաշվարկման համար հիմք հանդիսացող տեքստային և թվային տվյալները.
3) օրենքով հանրամատչելի բնույթ ունեցող այլ տեղեկությունները:

ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն՝ « Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց՝ առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը»:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի» (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք չեն համարվում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրառված տեղեկությունները:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 17.11.2011թ. N 318-Ն հրամանի հավելված 1-ով հաստատվել է Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի (էլեկտրոնային և թղթային) ձևը:
Համաձայն այդ հրամանի՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թղթային մատյանում գրանցման ենթակա են ՝

1. Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ՝ անշարժ գույքի գտնվելու վայրը, hողամասի բնութագրերը, ընդհանուր մակերեսը, կադաստրային ծածկագիրը, նպատակային և գործառնական նշանակությունը.
2. Շինությունների բնութագրեր՝ մակերեսը, կադաստրային ծածկագիրը, նպատակային և օգտագործման նշանակությունը.

3. Իրավունքների պետական գրանցման մասին տեղեկություններ՝ իրավունքի տեսակը, գրանցման և/կամ դադարման ամսաթիվը, հողամասի և/կամ շինության ծածկագիրը, գրանցված իրավունքի սուբյեկտների տվյալներ (անուն, ազգանուն (անվանում), անձը հաստատող փաստաթղթի տվյալները
(տեսակ սերիա, համար), սոցքարտի համարը, բաժնեմասը, անվանափոխության
գրառման ամսաթիվը, ամբողջը կամ մասի մակերեսը:

4. Իրավունքի ծագման, փոփոխման կամ դադարման գրանցման կամ անվանափոխության գրառման հիմք հանդիսացող փաստաթղթեր՝ անվանումը, ամսաթիվը, համարը, ընդունող /տրամադրող/ մարմինը:

5. Սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ՝ սահմանափակման առարկա հանդիսացող անշարժ գույքի հասցեն կամ գտնվելու վայրի նկարագիրը, սահմանափակման առարկա հանդիսացող գույքի նկարագիրը, ծածկագիրը, ամբողջը կամ մասի մակերեսը, գրանցված սահմանափակման նկարագիրը, գրանցման ամսաթիվը, դադարման ամսաթիվը, տեսակը, համառոտ նկարագրություն, սուբյեկտը, որի իրավունքը սահմանափակվել է, սահմանափակման կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց անվանումը, ամսաթիվը, համարը, ընդունող /տրամադրող/ մարմինը:

Հետևաբար, վերը նշված տեղեկությունները, ըստ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի՝ չեն համարվում ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք, և այդ տեղեկատվության մատչելիությունը ենթակա չէ սահմանափակման:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 3-րդ մասում չնշված այլ տեղեկությունները կարող են (այդ թվում` փաստաթղթերի պատճենների կամ քաղվածքների ձևով) տրամադրվել`

1) գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքի սուբյեկտներին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին:
Սույն տեղեկություններն այլ անձանց կարող են տրամադրվել իրավատերերի կամ գրանցված իրավունքի սուբյեկտների համաձայնությամբ.
2) գործարքների կամ դրանց առանձին պայմանների վերաբերյալ տեղեկությունները՝ այդ գործարքների կողմերին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին:
Սույն տեղեկություններն այլ անձանց կարող են տրամադրվել գործարքի կողմերի համաձայնությամբ»:

Գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները (4-րդ մասի 1-ին կետ) ներառված են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում, հետևաբար նույն հոդվածի 3-րդ մասի հիման վրա՝ ենթակա են տրամադրման:

Հետևաբար առկա է հակասություն նույն հոդվածի երկու մասերի միջև. մի դեպքում իրավասու մարմնին թույլատրվում է տրամադրել տեղեկությունը, մյուս դեպքում՝ արգելվում: Օրենքի այսպիսի կարգավորման պարագայում մեծանում են կոռուպցիոն ռիսկերը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել դատարաններին, քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով և համապատասխան մարմինների գործառույթները կարգավորող այլ իրավական ակտերով:»

«Արգելված» տեղեկություն ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում ընդգրկված չեն փաստաբանները:

Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Փաստաբանի հիմնական իրավունքներից է.

1. ՀՀ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնելու կամ պաշտպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաև ներկայացնելու վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
2. օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ),
3. դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:

Փաստաբանական այն հարցումներին, թե, օրինակ, ինչ սեփականություն ունի այս կամ այն անձը, կադաստրը չի պատասխանում, հիմք ընդունելով օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը: Այդ տեղեկությունը, որպես կանոն, պետք է լինում դատարանում այս կամ այն փաստը ապացուցելու համար, սակայն փաստաբանը հնարավորություն չի ունենում ստանալ այդ տեղեկությունը, հետևաբար և արդյունավետ իրականացնել իրավապաշտպանի իր առաքելությունը:

Օրենսդրությունը, իհարկե, տալիս է մեկ այլ հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ ապացույցը՝ դիմել դատարանին միջնորդությամբ՝ ապահովելու այդ ապացույցը: Սակայն ակնհայտ է, որ հարցի այս տարբերակով լուծումը ոչ միայն խոչնդոտում է արդար դատաքննության իրավունքի իրականացմանը՝ խլելով դատավարության մասնակիցների ժամանակը, այլև պահանջում է դատարանի կողմից ժամանակի ու ռեսուրսների լրացուցիչ ծախս: Բացի այդ, հնարավոր է, որ այդ տեղեկությունը անհրաժեշտ լինի կոնկրետ պահանջով դատարան դիմելու հարցը որոշելու համար: Չունենալով այդ տեղեկությունը՝ անձը կամ փաստաբանը ստիպված է դիմել դատարան առանց ունենալու համապատասխան տեղեկատվությունը, միջնորդել դատարանին ստանալու այն, որից հետո հնարավոր է հարկ լինի հրաժարվել հայցից՝ այն անհիմն լինելու պատճառով: Որպես վերջին իրավիճակի բացասական կողմ կարելի է նշել բազմաթիվ փաստեր՝ սկսած փաստաբանի հեղինակությունից, ավարտած դատարանի կողմից անհարկի ռեսուրսների ծախսով:

Հաշվի առնելով, որ փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

Հետևաբար, կադաստրից ստացած տեղեկությունը ևս փաստաբանական գաղտնիք է ու պահպանվում է օրենքով: Եվ քանի որ փաստաբանների համար այդ տեղեկության մատչելիության սահմանափակումը խոչընդոտում է փաստաբաններին արդյունավետ իրականացնել իրավապաշտպան գործառույթը, կարծում ենք, անհրաժեշտ է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նշված շրջանակում ընդգրկել նաև փաստաբաններին:

Արփինե Եղիկյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել