ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։
Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով Ռայանէյր ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։
Մասնավորապես, չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):
Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ Ռայանէյր ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ մարտի 10-ին ժամը 21:40: Հավանականությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթեր չլինեն:
Ռայանէյր ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։
Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները մարտի 10-ին գտնվել են Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել են Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա։