ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի՝ երկարաժամկետ դիտորդական առաքելության գլխավորած պատվիրակությանը` Ալեքսանդր Ստոյանոգոյի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են ՀՀ Նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրական իրավունքի խախտումների մասին ստացված ահազանգերի, դրանց համարժեք արձագանքելու, օրենքով սահմանված կարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ուսումնասիրվում են ոչ միայն գրավոր ընթացակարգով ստացված դիմում-բողոքները, այլ նաեւ ՀՀ նախագահի թեկնածուների ինտերնետային էջերում տեղ գտած, լրատվության միջոցներով թողարկված ահազանգերը։
«Դիտարկումների արդյունքում առանձնացվում են բոլոր այն հրապարակումները, ահազանգերը, որոնք պարունակում են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ եւ ուղարկվում ըստ քննչական ենթակայության՝ ստուգման։ Հատուկ ցուցում է տրվել պատկան մարմիններին յուրաքանչյուր դեպքով սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել` հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, ըստ անհրաժեշտության քրեաիրավական գնահատականներ տալու համար»,- ասել է գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ կատարված աշխատանքի արդյունքում դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա դարձված հաղորդումների քանակը գերազանցում է գրավոր ընթացակարգով ստացված հաղորդումների թվին։
«ԶԼՄ-ների մշտադիտարկումը հնարավորություն է տալիս ավելի օպերատիվ արձագանքել ընտրական իրավունքի խախտման դեպքերին»,- ընդգծել է գլխավոր դատախազը եւ տեղեկացրել, որ յուրաքանչյուր դեպքով նախապատրաստվում են նյութեր, կայացվում որոշումներ՝ հնարավորություն տալով շահագրգիռ անձանց, ստուգման արդյունքների հետ համամիտ չլինելու դեպքում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկել դրանք։ Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net