«Յունիբանկ» ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձ Զորիկ Մաթևոսյանի` ԴԱՀԿ ծառայության գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին 25.04.2012թ. որոշումը վերացնելու և որպես հետևանք երրորդ անձին պատկանող ք. Երևան, Արցախի փ., 17/3 հասցեում գտնվող գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերականգնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջներ մասին:
Հայցվորը հայտնել է, որ 24.09.2010թ. «Յունիբանկ» ՓԲԸ կողմից հայցադիմում է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Պոմոնա» ՍՊ ընկերությունից և Զորիկ Մաթևոսյանից համապարտության կարգով 31 621 092,5 ՀՀ դրամ և 297 202,3 ԱՍՆ դոլար բռնագանձելու, ինչպես նաև մինչև պարտավորության կատարման պահը տրամադրված վարկերի մնացորդի և ժամկետանց վարկերի նկատմամբ պայմանագրով սահմանված հաշվեգրվող տոկոսները և տույժերը բռնագանձելու պահանջով։ Միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.10.2010թ. թիվ ԵԿԴ/2037/02/10 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Ա. Ստեփանյանի 22.10.2010թ. «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ արգելանք է դրվել պարտապան Զորիկ Մաթևոսյանին պատկանող գույքի, այդ թվում` ք. Երևան, Արցախի փող., թիվ 17/3 հասցեի անշարժ գույքի վրա։
Զորիկ Մաթևոսյանը 20.04.2012թ.-ին դիմում է ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, որով հայտնել է, որ արգելանքի վերցված, գրավադրված ք.Երևան, Իսակովի 36/60, Նոր Նորք համայնքի Նորքի 8 մ/շ 5-6, Նար-Դոսի 75-114 գույքերի արժեքը ավելին է, քան հայցագինը (ըստ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից 27.03.2012թ-ի թիվ 215 գրության կազմում է 48 720 316 ՀՀ դրամ), տրամադրել է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը և խնդրել է վերացնել ք. Երևան, Արցախի փողոցի 17/3 հասցեի վրա դրված արգելանքը։ Պարտապան Զորիկ Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա վերսկսվել է 22.10.2010թ. հարուցված կատարողական վարույթը և հարկադիր կատարողի` «Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին» 20.04.2012թ. որոշմամբ վերացվել է Զորիկ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Արցախի փողոց, թիվ 17/3 հասցեի անշարժ գույքի վրա դրված արգելանքը, արգելանք է դրվել Արարատի մարզի Այգեստան համայնքում գտնվող Զորիկ Մաթևոսյանին պատկանող գույքի վրա։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Ա. Ստեփանյանը ք. Երևան, Արցախի փող. թիվ 17/3 հասցեի անշարժ գույքը արգելանքից հանել է պարտապանի դիմումի հիման վրա, մինչդեռ դատարանն արձանագրել է, որ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը արգելանքից հանելու նման հիմք նախատեսված չէ։
Սույն գործով դատարանը գտավ, որ «Յունիբանկ» ՓԲ ընկերության հայցը ենթակա է բավարարման։
Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net