Հայաստանում փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար:
Համաձայն ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի` փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաև որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:
4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:
5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում:
Միևնույն ժամանակ հայտնենք, թե որո˚նք կարող են լինել փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները`
1) պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները.
2) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.
3) փաստաբանի սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
4) փաստաբանի սահմանած ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական դպրոցի տնօրենի ներկայացրած տեղեկանքը.
5) հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:
2012 թվականին փաստաբանների պալատի խորհուրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբաններին և դրա համար առկա հիմքերը ներկայացնում ենք ստորև:
Լիանա Գրիգորյան: 2012 թվականի օգոստոսի 6-ին խորհուրդը որոշել է փաստաբանին հայտարարել խիստ նկատողություն:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 2.7.2 կետը (Փաստաբանը պարտավոր է վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալ իր մասնագիտական կարողությունների սահմաններում, ինչը ենթադրում է իրավունքի համապատասխան ճյուղի իմացություն, վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն, հանձնարարության պատշաճ կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարում), 3.1.3 կետը (Գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովի հիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակ գրավոր ձևով փաստաբանական գրասենյակի կողմից: Նշված պայմանագիրը պետք է կնքվի ողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա) և 3.8.5 կետի 1-ին ենթակետը (Պայմանագիրը լուծելիս փաստաբանը պարտավոր է՝
1) վստահորդին կամ պատվիրատուին վերադարձնել պայմանագրով ստացած հոնորարի այն մասը, որի դիմաց փաստացի աշխատանք չի կատարվել, եթե իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով այլ բան նախատեսված չէ,):
Էդիկ Մայսուրյան: Նա փաստաբանի արտոնագիր ունի 1977 թվականից: 2012 թվականի հոկտեմբերի 27-ին խորհուրդը որոշել է Էդիկ Մայսուրյանին հայտարարել խիստ նկատողություն:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետը (Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն: Եթե փաստաբանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով: Պալատի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև փաստաբանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը`վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից: Փաստաբանի կողմից նախաքննության մարմնի պաշտոնատար անձի հանձնարարությամբ (առաջարկությամբ) գործին ներգրավված լինելու և վստահորդին բավարար իրավական օգնություն ցույց տված չլինելու արարքների համակցությունը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում):
Քրիստինե Ստեփանյան: Նա փաստաբանի արտոնագիր ունի 1998 թվականից: 2012 թվականի հունիսի 15-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է Քրիստինե Ստեփանյանին հայտարարել նկատողություն: Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը:
Գևորգ Շիրինյան: Նա փաստաբանի արտոնագիր ունեցել 96-99 թվականներին, ունի` 2005-ից: 2012 թվականի նոյեմբերի 16-ին խորհուրդը որոշել է Գևորգ Շիրինյանին հայտարարել նկատողություն:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 3.1.3-րդ (Գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովի հիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակ գրավոր ձևով փաստաբանական գրասենյակի կողմից: Նշված պայմանագիրը պետք է կնքվի ողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվա ընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելու անհրաժեշտություն կա) և 3.1.4-րդ (Վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում պետք է նախատեսվի`հոնորարի չափը և վճարման կարգը, հանձնարարության բնույթը և ծավալը (ատյանը, փուլը և այլն) կամ այն որոշելու չափորոշիչները) կետեր:
Աշոտ Ոսկանյան: Նա փաստաբանի արտոնագիր ունի 2005թվականից: 2012 թվականի օգոստոսի 6-ին խորհուրդը որոշել է փաստաբան Աշոտ Ոսկանյանին հայտարարել 4 նկատողություն:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 5-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 23-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր:
Այվազ Տոնոյան: 2012 թվականի մայիսի 31-ին խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 9.1.1 կետը (Մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից սույն կանոնագրքի որևէ կանոնի խախտում թույլ տալը համարվելու է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում):
Լիդա Հակոբյան: 2012 թվականի մայիսի 31-ին խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը:
Ըստ խորհրդի որոշման` փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագրքի 9.1.1 կետը (Մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից սույն կանոնագրքի որևէ կանոնի խախտում թույլ տալը համարվելու է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում):
2012 թվականին կարճվել են Արթուր Գրիգորյանի նկատմամբ հարուցված երկու վարույթը: Կարճվել է նաև Վահե Գրիգորյանի, Աշոտ Ոսկանյանի, Թամարա Պողոսյանի, Հրանտ Գևորգյանի, Ստեփան Ոսկանյանի, Էմին Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթները:
Փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և Ռոմեն Ահարոնյանը դատական կարգով բողոքարկել են խորհրդի որոշումը`համապատասխանաբար նկատողությունը և տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև որպես լրացուցիչ տույժ, իր հաշվին, վեց ամսվա ընթացքում, տասներկու ժամ, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի հիմնախնդիրները» թեմայով վերացնելու համար:
Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այս հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:
Ինչպես փոխանցում է խորհուրդը Իրավաբան.net-ին` 2012 թվականին ապրիլ ամսին անդամավճար չվճարելու հիմքով 43 փաստաբանների նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ: 16 փաստաբանի նկատմամբ վարույթը կարճվել է, 2 փաստաբանի նկատմամբ կիրառվել է նկատողություն, 5 փաստաբանի նկատմամբ` խիստ նկատողություն: Նույն հիմքով խորհուրդը հոկտեմբերին ևս 14 փաստաբանների նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ: 8 փաստաբանի նկատմամբ վարույթը կարճվել է, 2 փաստաբանի նկատմամբ կիրառվել է նկատողություն, 4 փաստաբանի նկատմամբ` խիստ նկատողություն:
Տեղեկացնենք նաև, որ փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված`
1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պահից երեք ամիս հետո.
2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.
3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամսից հետո.
4) տուգանքի դեպքում` տուգանքը ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:
7. Անձը, որի նկատմամբ արտոնագիրը դադարեցվել է որպես տույժ, իրավունք ունի վաղեմության ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար:
8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net