Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Նորայր Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստացել Է զգալի չափի 30.000 ՀՀ դրամ կաշառք, կատարել է փաստաթղթի կեղծում, սուտ ցուցմունք տալու դրդչություն և անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը պատճառել Է ծանր վնաս: Այսպես. Նորայր Ս.-ի աշխատելով Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոց ՊՈԱ կազմակերպությունում որպես ֆիզկուլտուրայի ուսուցի, նույն դպրոցի տնօրենի 2012 թվականի մայիսի 14-ի թիվ 100 հրամանով 2012 թվականին ևս ի պաշտոնե ընգրկվելով «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում, հանդիսանալով կազմակերպչական գործառույթներ իրականացնելու, աշակերտների քննության արդյունքների ամրագրման իրավասություններ ունեցող պաշտոնատար անձ, 2011-2012 թ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12 Բ դասարանի աշակերտուհի Մարիամ Մելիքի Արշակյանին «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և նույն առարկայի ավարտական և պետական ավարտական քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար Մարիամ Արշակյանի հայր Մելիք Շուրայի Արշակյանից 2011 թվականի հոկտեմբեր ամսին, Արամուսի գյուղապետարանի վարչական շենքի դիմաց որպես կաշառք առձեռն ստացել է զգալի չափի` 30.000 ՀՀ դրամ գումար, որի դիմաց, Մարիամ Արշակյանի բացակայության պայմաններում՝ կեղծելով իրավունք վերապահող, «Վլադիկ Առաքելյանի անվան» միջնակարգ դպրոցի 12 Բ դասարանի դասամատյանը, դրանում չի հաշվառել վերջինիս բացակայությունների մեծ մասը, ավելին նշանակել է բարձր գնահատականներ, իսկ «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ նպաստել է վերջինիս դրական գնահատական ստանալուն:
Այսինքն՝ Նորայր Ստեփանյանը կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, մինչև ավարտական քննությունը հանձնելը չի հրահանգել աշակերտների մոտ ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախատեսված նախավարժանքը կատարել, ինչի հետևանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետևանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Այսինքն՝ Նորայր Մտեփանյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով:
Այնուհետև 2012 թվականի մայիսի 21-ին, Մարիամ Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում, տնօրեն Սամվել Զոհրաբյանի, դասղեկ Լաուրա Պետրոսյանի ներկայությամբ, օգտվելով այն հանգամանքից, որ 12 Բ դասարանի աշակերտները դեռևս հանդիսանում են իրենց դպրոցի սաները, գտնվում են ավարտական պետական քննությունների հանձնման փուլում, համոզելու եղանակով Մարիամ Արշակյանի դասընկերներ Քնարիկ Թադևոսյանին, Նունուֆար Պողոսյանին, Շողինե Նիկողոսյանին, Արմինե Նիկողոսյանին, Շուշանիկ Վարդանյանին և Բելլա Խաչատրյանին դրդել է տալ սուտ ցուցմունք, իբրև Մարիամ Արշակյանի կողմից ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննության «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունը կատարելիս վայր ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, չեն թույլատրել նրան մինչև շտապ օգնության գալը տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապ օգնություն, հետաքրքրվել է Մարիամ Արշակյանի որպիսությամբ:
Այդ ամենը լսելուց հետո Շողինե Նիկողոսյանը, Արմինե Նիկողոսյանը, Շուշանիկ Վարդանյանը և Բելլա Խաչատրյանը վրդովվելով Նորայր Ստեփանյանի վարքագծից և չենթարկվելով վերջինիս դրդչությանը, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից, իսկ Քնարիկ Թադևոսյանը և Նունուֆար Պողոսյանը նույն օրը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում, ենթարկվելով Նորայր Ստեփանյանի դրդչությանը, թաքցնելով իրականությունը, տվել են սուտ ցուցմունքներ:
Իրեղեն ապացույցներ հանդիսացող դասամատյանը և պետական-ավարտական քննությունների թիվ 02 արձանագրությունը կցված են քրեական գործին: Նորայր Ս.-ի նկատմամբ գրավը կիրառվել է, որպես խափանման միջոց:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net