Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։

Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:

2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել