«Մենք արյուն չենք ծախում». Մատաղիսի գործ

2012 թվականի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ավարտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի զորամասում 2003թ. տեղի ունեցած երկու զինվորների մահվան գործով դատաքննությունը և կայացրեց ԱՐԴԱՐԱՑՄԱՆ դատավճիռ:
Գործով անցնող երեք ամբաստանյալները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանն այդքան տարի ազատազրկման վայրում գտնվելուց հետո արդարացվեցին: Նրանք Առաջին ատյանի դատավճռով դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով` ցմահ ազատազրկման: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, ազատ էին արձակվել, և գործն ուղարկվել էր լրացուցիչ քննության` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Նրանք մեղադրվում էին այն բանի համար, որ վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:

 

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մահացած զինվորներից մեկի` Ռոման Եղիազարյանի իրավահաջորդները` հորեղբայր Արթուր Եղիազարյանը և մայրը, պնդում էին, որ իրենց որդուն սպանողները գործով անցնող երեք ամբաստանյալներն են եղել, որոնց դատարանն արդարացրել է: Որպես փաստարկի հիմնավորում` նրանք իրենց հետ բերել էին Ռազմիկ Սարգսյանի` գործով նախկին քննիչ Արմեն Հակոբյանին տված ցուցմունքի տեսաձայնագրությունը: Գործով անցնող ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը բազմիցս նշել է, որ քննիչ Արմեն Հակոբյանին տված իր ցուցմունքը նրանք ձեռք են բերել իրեն խոշտանգումների ենթարկելու արդյունքում:

 

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե Ռոման Եղիազարյանի իրավահաջորդները մինչև 2006 թվականը համակարծիք են եղել մյուս տուժողի իրավահաջորդի հետ, Արթուր Եղիազարյանի խոսքով չի համապատասխանում իրականությանը:

 

Մահացած զինվոր Մովսես Մկրտումյանի իրավահաջորդը` հայրը, դատարանի դահլիճում պնդել է և մինչև հիմա էլ պնդում է, որ իր որդուն սպանողները ազատության մեջ են և դատարանի դահլիճում ամբաստանյալի աթոռին հայտնվել են անմեղ մարդիկ:

 

«Այս գործի բացահայտման համար Գագիկ Ջհանգիրյանը մեծ ջանքեր է գործադրել և նշանակել էր քննիչ Արմեն Հակոբյանին: Մենք Ջհանգիրյանի հետ ուրիշ հարց չենք քննարկել` միայն ասել ենք, որ իսկությունը բացահայտվի` անմեղ մարդ չտուժի»,- լրագրողներին ասաց Արթուր Եղիազարյանը:

 

Ռոման Եղիազարյանի մոր խոսքով` մահացած զինվոր Մովսես Մկրտումյանի հայրը փորձել է իրենց փողով լռեցնել, սակայն իրենց չեն համաձայնել, չեն ծախվել: «Ասում էր` եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տունը (ամբաստանյալների- Ն.Հ.)»,- ասում էին Ռոման Եղիազարյանի մայրն ու հորեղբայրը:

 

Լրագրողների հետ հանդիպման էր եկել նաև Ռոման Եղիազարյանի հորաքույրը` Հայկուհի Եղիազարյանը: «Մենք արյուն չենք ծախում: Վերջապես այս հարցին պե˚տք է լուծում տան, թե` չէ», – բարկացած ասում էր նա:

 

Նրանք դիմելու են Վերաքննիչ դատարան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը բեկանելու համար: Մահացած զինվորի հարազատները պահանջում են արդարություն դատախազներից, երկրի նախագահից: Նրանք ուզում են, որ բացահայտվի իրականությունը, սակայն անվերապահորեն հավատացած են, որ իրենց որդուն սպանողները եղել են Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:

 

 

Նունե Հովսեփյան

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել