Երեկ անսպասելի կերպով հրաժարական տվեց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը: Նա այն եզակի պաշտոնյաններից էր, որը պաշտոնի էր անցել թավշյա հեղափոխության հիմնական ձեռք բերման` մրցութային հիմունքներով վարչապետի կողմից ստեղծած կադրային բանկ մուտք գործելու միջոցով:
2018 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին… »:
Հետևելով և հավատալով վարչապետի կոչին, Տիգրան Խաչիկյանը մրցութային հիմունքներով ընդգրկվում է վարչապետի ստեղծած կադրային բանկում և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ նշանակվում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Սույն թվականի հուլիսի 8-ին Սինգապուրի վարչապետի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները», -իր ելույթում շեշտադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մերիտոկրատիա (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus – արժանի և հին հուն. κράτος – իշխանություն, կառավարում), կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։
Հուլիս 8-ին արժանիների իշխանություն ասելով ՀՀ վարչապետը հավանաբար նկատի ուներ հենց Տիգրան Խաչիկյանին և բոլոր այն կադրերին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքների և բարեխղճության շնորհիվ մրցութային բազմաշերտ մեխանիզմի շնորհիվ հայտնվել էին վարչապետի կողմից ստեղծած կադրային բանկում և ղեկավար պաշտոններում արժանիորեն նշանակումներ էին ստացել: Թվում էր, որ սա այն գործուն և արդար մեխանիզմն է, որի շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգը արագորեն համալրվելու էր պրոֆեսիոնալ և բարեխիղճ կադրերով, որոնք լինելու էին պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում իրականացվող համակարգային բարեփոխումների ջահակիրները:
Եվ իրականում Տիգրան Խաչիկյանը իր պաշտոնավարման շուրջ երեք ամիսների ընթացքում բարեխղճորեն լծվում է իր կողմից համակարգվող երկու` հակակոռուպցիոն և քրեակատարողական ոլորտների ռազմավարությունների մշակման աշխատանքներին` հենվելով ոլորտի բոլոր դերակատարների ներուժի վրա: Ավելին Երևանում և Գյումրիում վերջին օրերին կայացած հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների ընթացքում ի ցույց է դնում իր բարձր պրոֆեսիոնալ և բարեխիղճ որակները:
Ցավոք, 2019 թ. հուլիս 16-ին արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը Տիգրան Խաչիկյանի հորդորում է աշխատանքից ազատման դիմում գրել` պատճառաբանելով, որ նախարարի տեղակալը չի տեղավորվում իր թիմի կոնցեպտի մեջ: Տիգրան Խաչիկյանը, որպես բարեխիղճ պաշտոնյա հուլիսի 17-ին ներկայացնում է իր հրաժարականը, որից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնում նշանակվում է Սրբուհի Գալյանը, որը նշանակումից անմիջապես հետո, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, նշում է, որ պաշտոնի նշանակման հրավերը ստացել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից:
Այդ ամենը փաստում է, որ նախարարի համար, առաջին հերթին, ոչ թե կարևոր են նախարարի տեղակալի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճության որակները, այլ` նրա նկատմամբ ունեցած վստահությունը` այսպիսով արժեզրկելով թավշյա հեղափոխության հիմնական ձեռք բերումներից մեկը` մրցութային հիմունքներով վարչապետի կողմից ստեղծած կադրային բանկը:
Հետաքրքիր և ուսանելի է Տիգրան Խաչիկյանի, նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի մասին, ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը, որով, առաջին հերթին, ուղերձ է հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի:
Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս»։
Սմբատ Գևորգյան