Կարապետյան-Փաշինյան. Երկու կառավարությունների անդամների գույքի ու եկամուտների համեմատականը

Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրումը կարևորագույն գործընթաց է, որն անհրաժեշտ է թափանցիկ իրականացնել: Այն չի կարող ինքնին արդյունավետ գործել, եթե իրենց դերը չունենան քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ-ները՝ հանրային աչքի դերը տանելու գործում։

Բացի այդ, վերջիններս շատ կարևոր են հետևյալ պատճառով․ 2017թ-ից քրեականացվեց ապօրինի հարստացումը,  այն է՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց գույքի էական աճ կամ պարտավորությունների էական նվազում, որը գերազանցում է իրենց օրինական եկամուտները, և վերջիններս չեն կարողանում ողջամտորեն հիմնավորել։ Պաշտոնատար անձանց օրինական եկամուտները հիմնավորելու դասական ձևն իրենց կողմից ներկայացվող գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացումն է, և հիմք պետք է ընդունել 2018թ․-ին ներկայացված հայտարարագրերը՝ 2017 թ.-ի վերաբերյալ։

Հայտարարագրերի հասանելի առցանց բազան «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» կայքն է, որը պատասխանատու է դրանց վերլուծման համար, ինչպես նաև խախտումների դեպքում սանկցիաների կիրառման։ Ամփոփ մեդիան և Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ն պատկերների միջոցով ներկայացնում են ՀՀ վերջին երկու վարչապետեր՝ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի և վերջիններիս վարչապետության օրոք գործող նախարարների գույքի ու եկամուտների համեմատականը, որոնք վերցվել են նշյալ կայքից։

Ընդհանուր կարգավորումներ

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են

  •         պաշտոնեական պարտականություններն ստանձնելու,
  •         դադարեցնելու,
  •         տարեկան հայտարարագրեր»։

Նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։ Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում:»: Հետևաբար, ոչ բոլոր պաշտոնատար անձինք են ներկայացրել նախկին պաշտոնը դադարեցնելու և նոր պաշտոն ստանձնելու հայտարարագրեր, քանի որ նոր պաշտոնի նշանակումը եղել է վերոնշյալ 15 oրվա ժամկետի ընթացքում:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած եկամուտները: Հետևաբար, մի շարք պաշտոն ստանձնելու հայտարարագրերում կարելի է տեսնել ավելի մեծ եկամուտներ, քան՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրերում։ Նշյալը պայմանավորված է նրանով, որ նշյալ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելված է պաշտոնատար անձանց համար: Կարևոր է նաև նկատի ունենալ, որ պաշտոնատար անձինք, բացի աշխատավարձից, ևս կարող են այլ եկամուտի աղբյուր ունենալ, օրինակ՝  իրենց անշարժ կամ շարժական գույքի վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, հավատարմագրային կառավարման հանձնված գույքից եկամուտ ստանալ և այլն։

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ նախկինում՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 16-ը,  հնարավոր էր փոխառություն կնքել, այսպես կոչված «հետին թվով», քանի որ վերջինիս համար պարտադիր չէ նոտարական վավերացումը։ Սակայն, վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 2 մլն ՀՀ դրամը գերազանցող գործարքներն անհրաժեշտ է իրականացնել միայն անկանխիկ` բանկային փոխանցումների եղանակով:

Առկա տվյալների վերլուծություն

Հայտարարագրերը համեմատելիս՝ կարելի է փաստել, որ նախորդ կառավարությունը մի քանի անգամ ավելի հարուստ էր։ Մասնավորապես, ակնհայտ է տարբերությունները ՀՀ վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարագրումների միջև։ Բացի դա, առավել շատ գույք և եկամուտներ հայտարարագրել են ՀՀ նախկին կառավարությունից՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլորգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և այլք։ Առավել քիչ գույք հայտարարագրել է ՀՀ նորանշանակ սփյուռքի նախարարը։

Հետաքրքրական է, որ 8 միլիոնը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել են միայն ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Անդրադարձ ԶԼՄ-ներում

Անհրաժեշտ է ընդգծել, որ ԶԼՄ-ներում հաճախ են տարածվում լուրեր՝ նշյալ անձանց անունների հետ կապված, մասնավորապես՝ նախկին կառավարության։ Որոշ դեպքերում պաշտոնատար անձինք ներկայացնում են դրանց հրապարակային հերքումներ։ Ներկայացնենք դրանցից որոշները։

Խնդիրներ

Հարկ է ընդգծել, որ մեր երկրում պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը, չնայած վերջերս կատարվող շարունակական բարեփոխումներին, ունի բազմաթիվ խնդիրներ, որի արդյունքում առաջանում են բազմաթիվ դժվարություններ հայտարարագրերի վերլուծության գործընթացում։

  1.      Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ առկա է տենդենց, երբ պաշտոնատար անձինք իրենց գույքը գրանցում են իրենց հետ արյունակցական կամ խնամիական կապերի մեջ գտնվող անձանց անունով, և շատերի զոքանչներն ավելի հարուստ են, քան՝ իրենք։ Դա պայմանավորված է նրանով, որ պաշտոնատար անձանց ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ներկայացնում հայտարարագրեր։ Մասնավորապես,  հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են
  •        նրա ամուսինը,
  •        անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված),
  •        նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը,
  •        նրա հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ։

Սույն կարգավորումների պարագայում, եթե, օրինակ զոքանչը համատեղ չի ապրում պաշտոնատար անձի հետ, ապա չունի նման պարտականություն։

Ավելին, հաճախ գրանցումը կատարվում է իրենց պահակների, վարորդների և այլոց անունով։

  1.      Թեև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակը լայնանում է, սակայն մի շարք ռիսկային խմբեր շարունակում են մնալ օրենքի գործողություններից դուրս։ Օրինակ, համայնքների ղեկավարների և ավագանու անդամների գույքը և եկամուտները, բացառությամբ 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, անհայտ են հանրությանը: Մյուս կողմից, առկա են բազմաթիվ հրապարակումներ նշյալ սուբյեկտների կողմից կոռուպցիոն դրսևորումներում ներառված լինելու մասին։
  2.   Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի շրջանակը սահմանափակվում է միայն 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքով: Այդ արժեքային շեմը շատ բարձր է ՀՀ-ի համար, որի պատճառով մի շարք այլ թանկարժեք իրեր հնարավոր է լինում չհայտարարագրել։
  3.   Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը ոչ ամբողջությամբ է հրապարակվում, այն մեծամասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտել նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը, քանի որ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման, որոնք հանրության շրջանում մի շարք չփարատված կասկածների տեղիք են տալիս։
  4.   Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջը, որոմ տեղադրվում են հայտարարագրերը, բավականին ոչ user-friendly է։ Նախ, «Հայտարարագրերի ռեեստր» բաժնում հայտարարագրերի որոնումն իրականացվում է միայն պաշտոնատար անձի «Անուն, Ազգանուն», «Պաշտոն» և «Տարի» հայտանիշներով: Բացի այդ, հայտարարագրերը ներկայացվում են PDF ձևաչափով, որի արդյունքում դժվարություններ են առաջանում՝ տվյալների հետ աշխատելիս։
  5.   Չեն հայտարարագրվում նաև պաշտոնյաների ոչ ակտիվ հանդիսացող կատարված ծախսերը, օրինակ թանկարժեք հանգիստը արտերկրում, ուսման վարձի վճարումը պաշտոնատար անձի ընտանիքի անդամների համար արտերկրի հեղինակավոր ուսումնական հաստատություններում և այլն: Նշյալի պատճառով հնարավոր չի լինում վերահսկել պաշտոնատար անձի դրամական միջոցների ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։
  6. Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ հայտարարագրերում կեցության ապահովման համար նվազագույն տարեկան ծախսեր բաժին (սնունդ, ճանապարհածախս, կոմունալ վճարումներ…) ներառելը օգնում է առավել ճշգրիտ հաշվարկ անել պաշտոնատար անձի գումարային ներհոսքի և արտահոսքի վերաբերյալ:
  7. Հարկ է նշել, որ ներկայումս խնդրահարույց են բանկային գաղտնիքի հետ կապված կարգավորումները, որոնք թույլ չեն տալիս հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող մարմնին լիակատար իրացնել իրենց վերապահված լիազորությունները: Որոշ երկրներում, ինչպես օրինակ Կոսովոն կամ Սերբիան, վերոնշյալ մարմիններն իրավունքի ունեն պահանջել բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը: Որոշ երկրներում, ինչպես օրինակ Ալբանիան կամ Մակեդոնիան, պաշտոնատար անձինք համաձայնվում են, որ որոշակի շեմը անցնելու և իրենց համաձայնության առկայության դեպքում, վերահսկող մարմինը բանկից իրավասում է մանրամասն տեղեկատվություն ստանալ:

Առաջարկություններ

  1.   Հայտարարագրման ենթակա սուբյեկտների շրջանակում նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի 2-րդ աստիճանի մեջ գտնվող ընտանիքի մյուս անդամների ընդգրկում՝ անկախ համատեղ ապրելու գործոնից։
  2.   Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող մարմնի լիազորությունների ընդլայնում առ այն, որ վերջինս, ըստ անհրաժեշտության, իրավունք ունենա պահանջել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից հայտարարագրեր, ովքեր կապված են հայտարարագրեր ներկայացնող սուբյեկտների հետ։
  3.   Հայտարարատուների շրջանակի շարունակական ընդլայնում (15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներ և աշխատակազմերի քարտուղարներ)։
  4.   Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմի նվազեցում։
  5.   Հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնում, այդ թվում՝ նվիրատուներին վերաբերող տեղեկատվությունը։
  6.   Հանձնաժողովի www.ethics.am կայքի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնի որոնողական համակարգի զարգացում, դրա՝ օգտվողի համար  ինտերակտիվ հասանելիության ապահովում։
  7.   Որոշակի շեմի սահմանում, որից բարձր ոչ ակտիվ հանդիսացող կատարված ծախսերը ևս հայտարարագրել:
  8.   Հայտարարագրերում կեցության ապահովման համար նվազագույն տարեկան ծախսեր բաժնի (սնունդ, ճանապարհածախս, կոմունալ վճարումներ…) ներառում։
  9. Ռեեստրի հիմնում, որում կհրապարակվի ՀՀ բոլոր բանկերում հաշիվներ ունենալու հանգամանքի մասին տեղեկատվություն` առանց նշելու գումարը: Այս եղանակով, մարմինը հեշտությամբ կպարզի, եթե պաշտոնատար անձը չի հայտարարագրել, սակայն ունի հաշիվ:

Ներկայիս և նախկին կառավարությունների բոլոր 34 անդամների գույքի և եկամուտների մասին ինֆոգրաֆիկաներին կարող եք ծանոթանալ Ampop.am կայքում:

Ուսումնասիրության հեղինակ Մարիամ Զադոյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝ Գայանե Մելիքյան, Ամփոփ մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել