1988թ. աղետալի երկրաշարժից հետո էլ այսօր Գյումրիում գերխնդիր է մնում բնակարանի ապահովման հարցը, որի մեղավորները մասամբ հանդիսանում են որոշ` Շիրակի մարզի ու հատկապես Գյումրու քաղաքապետարանի անօրինական ու այլ մարդկանց իրավունքների «վրայով քայլող» պաշտոնյանները, որոնք իրենց կատարած անօրինականությունների համար ոչ միայն պատժի ու պատասխանատության չեն ենթարկվել, այլ շարունակում են պաշտոնավարել այդ կառույցներում կամ էլ տեղափոխվել են այլ աշխատանքի` վայելելով անօրինական աշխատանքով ձեռք բերած բարիքները:
1988թ. երկրաշարժից արդեն անցել է շուրջ 24 տարի, սակայն մեր պետությունը ոչ միայն չի լուծել անօթևաններին բնակարանով ապահովելու հարցը, այլև որոշ իշխանավորների անօրիական գործողությունների պատճառով ավելացնում է նրանց թիվը, նաև ավելացնելով պետության պարտականությունները:
Հայկանդուխտ Կարապետյանի ընտանիքը հանդիսանում է նրանցից մեկը: 1988թ. երկրաշարժից առաջ ընտանիքը բնակվել է /Լենինական/ Գյումրի քաղաքի Սարգսյան փողոցի 31 բնակելի տանը, որը երկրաշարժի հետևանքով դարձել է չորրորդ կարգի վթարային և բնակության համար ոչ պիտանի: Այդ իսկ պատճառով ընտանիքի 5 անդամով, որոնցից երեքը` անչափահաս, բնակություն են հաստատել ք. Գյումրի, 218/047 ժամանակավոր կացարանում: «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող թիվ 30 կրթօջախի սպորտդահլիճի շինարարական աշխատանքներին խանգարելու պատճառով Հ. Կարապետյանի ընտանիքի սեփական միջոցներով ձեռք բերված տնակը հանձնել են Գյումրու քաղաքապետարանին ի սեփականություն և ազատել դպրոցի տարածքը:
ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշման համաձայն` Հ. Կարապետյանի ընտանիքը հաշվառվել է անօթևան ընտանիքների հերթացուցակում` երեք սենյականոց բնակարանների կարիքավորի համարի ու օգտվել է 7.09 կետի արտոնությունից:
Գյումրիում գործող «Վարդանանք» համատիրության կողմից տրամադրված ապատեղեկատվության` սխալ տեղեկանքի հիման վրա, Գյումրու քաղաքապետի 09.10.2007թ. թիվ 1823 որոշման հիման վրա «Մուշ-2» թաղամասի 7/1 շենքի թիվ 37 երեք սենյականոց բնակարանը հատկացվել է Հ. Կարապետյանի ընտանիքին ու նրա 5 անձից բաղկացած ընտանիքին հանել են երկրաշարժից անօթևան ընտանիքների հերթացուցակից: Ի դեպ, նշված բնակարանը դեռևս 2003թ.-ից օրինական հիմքերով հանդիսացել է այլ անձի սեփականությունը:
Նշված բնակարանում կատարել են վերանորոգում ու բարեկարգել են այն: 2008թ. փետրվարին դիմել են Գյումրու քաղաքապետարան` նշված բնակարանը սեփականաշնորհելու, որից հետո միայն պարզվել է, որ հատկացված բնակարանն ունի այլ սեփականատեր: 16.08.2008թ. Գյումրու քաղաքապետի թիվ 1200 որոշման համաձայն չեղյալ է ճանաչվել Գյումրու քաղաքապետի թիվ 1823 որոշումը, որով «Մու-2» թաղամասի 7/1 շենքի թիվ 37 բնակարանը հատկացվել է Հ. Կարապետյանի ընտանիքին, և դրա հիման վրա տրամադրված թիվ 37 միասնական օրդերը: Սույն որոշման 2-րդ կետի համաձայն` Հ. Կարապետյանի ընտանիքին վերականգնել են բնակարանի կարիքավոր ընտանիքների հերթացուցակում: Սկսվել է դատական գործընթաց, որի արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հ. Կարապետյանի ընտանիքին վտարել են «Մուշ-2» թաղամասի 7/1 շենքի թիվ 37 բնակարանից:
Քանի որ Հ. Կարապետյանի ընտանիքը երկրորդ անգամ հայտնվել է բաց երկնքի տակ, սակայն այս անգամ արդեն նույնիսկ ժամանակավոր տնակ չունեին բնակության համար, այդ իսկ պատճառով էլ 08.12.2010թ. Գյումրու քաղաքապետարանի ու Հ. Կարապետյանի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն` Գյումրու քաղաքապետարանը որպես բնակարանի վարձակալության վարձավճար պարտավորվել է վճարելու ամսեկան 20.000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 01.04.2002թ. թիվ 317 որոշման: Սակայն Գյումրու քաղաքապետարանը նշված գումարը չի վճարել` առանց պատճառաբանության:
Ներկայումս Հ. Կարապետյանի ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով: Ի հավելումն, արդեն շուրջ մի քանի տարի է, ինչ Հ. Կարապետյանի ընտանիքի անձնագրերի վավերականության ժամկետը լրացել, իսկ ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը մերժում է երկարացնել վավերականության ժամկետը, քանի որ անդամները հաշվառման հասցե չունեն: Նախկին Սարգսյան թիվ 31 տան հասցեում թույլ չեն տալիս հաշվառվելու, քանի որ այն չորրորդ կարգի վթարային է ու օրենքով արգելվում է: Իսկ այն հասցեում, որտեղ ժամանակավորապես են բնակվում, սեփականատերը թույլ չի տալիս հաշվառվել: Արդեն մի քանի տարի է ընտանիքի անդամները ընտրություններին մասանկցել չեն կարող, երկրից դուրս գալ չենք կարող:
Մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն` արտահերթ բնակարան հատկացնելու համար, սակայն մերժել են այն պատճառաբանությամբ, որ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած անձանց բնակապահովման /բնակարաններով/ նկատմամբ ձևավորված պարտավորությունները կատարելուց հետո: Մինչ օրս ՀՀ կառավարությունը մշակված ծրագիր չունի, թե երբ է բարելավման գործընթացին անցնելու ու ինչ կարգով:
2012թ. բնակարանների հատկացման հերթացուցակի համաձայն դիմել է Շիրակի մարզպետարան ու տեղեկացել, որ Հ. Կարապետյանի ընտանիքն ընդհանրապես չի գտնվում անօթևանների հերթացուցակում: Իսկ թե ինչի պատճառով են դուրս մնացել չեն տեղեկացրել:
Համաձայն ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշման համաձայն` բնակարանների հերթացուցակի կազմման իրավասությունը պատկանում է համայնքի ղեկավարին: Իսկ Գյումրու քաղաքապետի թիվ 16.06.2008թ. թիվ 1200 որոշման համաձայն` Հ. Կարապետյանի ընտանիքին վերականգնել են բնակարանի կարիքավոր ընտանիքների հերթացուցակում: Այսինքն` հիմքերն առկա են ու օրինական:
Ցավալի է, բայց իրականությունն այն է, ինչ կա: Իսկ անօթևանների ընտանիքները դեռևս շատ են…
Հանրային թղթակից` Գայանե Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net