Մատաղիսի գործով պահանջում են գտնել իրական մեղավորներին

Երեկ` դեկտեմբերի 6-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ մարդկանց բազմություն էր հավաքվել` պահանջելով ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ: Պետք է կայանար ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած երկու զինվորների մահվան գործով դատական նիստը: Նշենք, որ սույն գործով մեղադրվում են նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանը, ով հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, ծառայակիցներ` Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 4-ին հերթական դատական նիստի ժամանակ պետմեղադրողները փոխեցին նախկինում առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,5 և 7 կետերով, այն է` սպանությունը կատարված մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, առաջադրելով նոր մեղադրանք` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասի պատճառում, որը անզգուշորեն առաջացրել է տուժողների մահ: Առաջադրված նոր մեղադրանքի կապակցությամբ պետմեղադրողները դեկտեմբերի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ պահանջեցին 7-8 տարվա ազատազրկում:

 

Դատական նիստի ժամանակ շարունակվեց ճառերի ունկնդրումը և իր ճառով հանդես եկավ տուժող Ռոման Եղիազարյանի մայրը, ով դատարանից պահանջեց նշանակել խիստ պատիժ, հակառակ դեպքում ինքը հաշվեհարդար կտեսնի: Դատարանում իրարանցում էր, մարդիկ տեղից վրդովված բացականչություններ էին հնչեցնում. «Տղաները անմեղ են, փնտրեք իսկական մարդասպանին և դատեք խստագույնս, բայց անմեղները չպետք է պատժվեն»:

 

Այսօր դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալների պաշտպանը, ով վերջիններիս միջոցով տեղեկացրել էր, որ պատրաստվում է պաշտպանական ճառին և խնդրում է ժամանակ: Այնուամենայնիվ, դատական նիստը շարունակվեց պաշտպանի բացակայությամբ, քանի որ ամբաստանյալները չառարկեցին շարունակել նիստը: Նիստին ներկա չէր նաև տուժող` Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդը, քանզի հիվանդության պատճառով չէր կարողացել ներկա գտնվել:

 

Դատարանը հերթական դատական նիստ նշանակեց դեկտեմբերի 14-ին ժամը 11.00-ին:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել