Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր օրինագիծ:
«Սահմանադրական դատարանի մասին» օրեքի 17-րդ հոդվածի 1-ին մասը կշարադրվի նոր խմբագրությամբ.
«1.Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղերի համար առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ կառավարության փոխարեն ՍԴ դատավորի թափուր տեղի համար կարող էր առաջադրել նաև Ազգային ժողովը, սակայն այս օրինագծի ընդունման դեպքում օրենսդիր մարմինը կզրկվի այդ լիազորությունից:
Նոր կարգավորմամբ, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն կառաջադրի նոր թեկնածու:
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն կանցկացվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն կստանձնի Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:
Ընդունվելու դեպքում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականի մարտի 1-ից: