Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այժմ ընթանում է Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով:
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ անցումային արդարադատության միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջինը հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է անցումային արդարադատությունը, պետք է համախմբել ազգային փորձագիտական ներուժը և այնուհետև գնահատել տվյալ երկրում դրա ներդրման հնարավորությունը:
«Պետական ծառայության համակարգը մարդու իրավունքներ խախտող համակարգից պետք է անցումային արդարադատության իրականացման միջոցով դառնա մարդու իրավունքներ հարգող համակարգ: Այն զանգվածային մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել, համակարգային բարեփոխումների միջոցով պետք է չկրկնվեն: Քննարկման առարկա պետք է լինել 1995 թվականից սկսված ընտրակեղծիքները բոլոր ընտրություններին, կոռուպցիոն հանցագործությունները, ՀՀ քաղաքացիներից թալանված գումաները, որոնց մեծ մասը արտահոսել է արտերկիր: Դա կարող է լինել նաև հանրային գերակա շահի նկատառումներով ՀՀ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից խլված սեփականությունը և այդպես շարունակ»,-նշեց Կարեն Զադոյանը:
Նրա խոսքով, անցումային արդարադատության նպատակը հանրային համերաշխության հաստատումն է:
«Այսինքն, բռնարարը և բռնության զոհը պետք է հաշտվեն, ներեն: Այդ նույն մեխանիզմով ճշմարտության հանձնաժողովները ստեղծվում են նրա համար, որպեսզի այդ երկխոսությունը սկսի, այդ բացահայտումները կատարվեն և նաև բռնարարներին երաշխիքներ տրամադրվեն՝ համաներումների ձևով, որ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու: Իսկ ինչ վերաբերում է կոշտ ձևերին, ապա դրանք լյուստրացիան (մաքրագործում) են և վեթթինգը (պետական և քաղաքական գործիչների զտում): Այսինքն, արդյոք կիրառելի են ՀՀ-ում իրավապահ և դատական համակարգի մաքրումը այն կոռուպցիոներ դատավորներից, իրավունքներ խախտող, անօրինական գործունեությամբ զբաղվող իրավապահ մարմինների ներկայացուցիչներից, թե՝ ոչ, արդյոք նախկին իշխանության օրոք ապօրինի գործունեությամբ զբաղվող պաշտոնյաները ենթակա՞ են բացահայտման: Այս բոլոր հարցերը պետք է հանրությունը որոշի»,-նշեց Կարեն Զադոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: