Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի վաղվա նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, Ջեմմա Բաղդասարյան, Կարինե Աճեմյան և Միհրան Հակոբյանի ներկայացրած նախագիծը՝ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:
Առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մասերով՝
«Երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելվում է:
Սույն հոդվածի իմաստով՝
1) երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը այնպիսի տեղեկությունների տարածման գործընթաց է, այդ թվում՝ իրական փաստերի եւ տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել երեխաների ֆիզիկական, մտավոր կամ հոգեւոր լիարժեք զարգացման վրա եւ որն ուղղված է երեխաների մոտ՝
ա. ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծմանը.
բ. ավանդական եւ ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանը.
գ. ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցմանը.
դ. ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը.
2) ավանդական սեռական հարաբերություն՝ մերձավոր ազգականներ չհամարվող չափահաս տղամարդու եւ չափահաս կնոջ միջեւ փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող սեռական հարաբերություն.
3) ոչ ավանդական սեռական հարաբերություն՝ ավանդական սեռական հարաբերություն չհամարվող ցանկացած այլ սեռական հարաբերություն.
4) մերձավոր ազգականներ՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում նշված մերձավոր ազգականներ, ինչպես նաեւ որդեգրողներ եւ որդեգրվածներ:»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով էլ առաջարկվում է, որ երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 50-100 հազար դրամի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` կառաջացնի տուգանքի նշանակում` 200-500 հազար դրամի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն օրինագծերի փաթեթը նպատակ ունի ամրապնդել եւ ընդլայնել հանրության բարոյականության պաշտպանության ապահովման՝ պետության պոզիտիվ սահմանադրական պարտականության իրավական-կառուցակարգային հիմքերը: Մասնավորապես, Փաթեթով առաջարկվում է մեխանիզմներ ստեղծել՝ ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաներին հակաբարոյական, նրանց լիարժեք ու ներդաշնակ զարգացմանն սպառնացող տեղեկատվության տարածումից հնարավորին զերծ պահելու համար:
Փաթեթի ընդունմամբ հետապնդվող նպատակն ունի հստակ իրավական հիմքեր:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 44-րդ հոդվածներով սահմանված՝ համապատասխանաբար, կարծիքի արտահայտման եւ հավաքների ազատությունները, նշյալ հոդվածների համաձայն, կարող են սահմանափակվել պետության պոզիտիվ պարտականությունների տիրույթում գտնվող մի շարք հիմքերով, այդ թվում առողջության, բարոյականության, պատվի եւ բարի համբավի պաշտպանության նկատառումներով:
Հայտնի է, որ քարոզչությունն իրենից ներկայացնում է գաղափարների եւ հայացքների ինտենսիվ տարածման գործընթաց՝ այդ թվում իրական փաստերի եւ տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել հանրային կարծիքի, հանրային հոգեբանության ու տրամադրությունների վրա: Նման տեղեկատվության տարածման իրավական հիմնական կառուցակարգերից են խոսքի եւ կարծիքի, ինչպես նաեւ հավաքների ազատությունները, որոնց միջոցով տեղի է ունենում տարատեսակ, անգամ հանրորեն վնասակար գաղափարների տարածումը: Հետեւաբար, պետությունը զանազան իրավական գործիքներով պարտավոր է նպաստել, որպեսզի խոսքի եւ հավաքների ազատությունների իրացումը չխաթարի հանրության բարոյական արժեհամակարգը: Իսկ հասարակության ցանկացած անդամի բարոյական նկարագիրն սկսվում է ձեւավորվել մանկական տարիքից, երբ գիտակցական մակարդակում իրականությունն ընկալելու կարողության օբյեկտիվ սահմանափակվածության հետեւանքով երեխան առավել քան մեծահասակները ենթակա է տարատեսակ, անգամ հանրային բարոյականության տեսանկյունից պախարակելի կամ վիճահարույց գաղափարների ազդեցությանը: Ուստի՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ երեխաներին հնարավորին ապահովագրելու բարոյական խեղումներից եւ պայմաններ ու միջավայր ստեղծելու երեխաների պատշաճ դաստիարակության եւ բնականոն զարգացման համար:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաեւ ԽԱԿՄՕ) 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը՝ (…) գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը:
Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ պետությունը, ճանաչելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ազգային-հոգեւոր կարգավիճակը եւ համապատասխան օրենսդրական ակտերի միջոցով պայմաններ ստեղծելով, ինչպես ԽԱԿՄՕ-ում է նշված, եկեղեցու մենաշնորհային գործառույթ հանդիսացող հանրային բարոյականության կատարելագործման ոլորտում հոգեւոր-բարոյական գործունեություն իրականացնելու համար, ճանաչում է Եկեղեցու դավանաբանության բարոյական կանխադրույթների իրավաչափությունը հասարակության եւ դրա անդամների կենսագործունեության կանոնակարգման հարցում: Դա բնականորեն ենթադրում է հասարակության յուրաքանչյուր անդամի դաստիարականության, կրթության, զարգացման գործընթացում բարոյական-հոգեւոր կողմնորոշման առկայություն, որի առնվազն բազային չափանիշները պետությունը պարտավոր է սահմանել՝ այդպիսով Հայ առաքելական եկեղեցու կողմից խրախուսվող հոգեւոր-բարոյական նորմերի տարածմանն աջակցություն ցուցաբերելով: Խոսքն ամենեւին չի վերաբերում գրաքննությանը կամ խոսքի ազատության անհարկի սահմանափակմանը, այլ անձի հոգեւոր-բարոյական դաստիարակության եւ զարգացման բնականոն կենսագործունեության, վերարտադրության եւ զարգացման, հայ ժողովրդի ազգային նկարագրի եւ ինքնության պահպանման:
Բնական է, որ պետության քաղաքականության առաջնային գործիքակազմն օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերն են, որոնց ընդունմամբ պետությունը կանոնակարգում է համապատասխան ոլորտները՝ սահմանելով ինչպես իր, այնպես էլ նշյալ կանոնակարգման ներքո հայտնվող սուբյեկտների վարքագիծը: Հետեւաբար, սույն Փաթեթի մշակման համար առկա են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական հիմքեր, որոնք վերաբերում են հանրային բարոյականության ոլորտում պետության կարգավորիչ դերին:
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս անդրադարձ կա հանրային բարոյականության եւ, մասնավորապես, երեխաների բարոյական դաստիարակության եւ այդ հարցերում պետության դերին՝ իրավաչափ համարելով պետության միջամտությունը խոսքի ազատությանը՝ ի շահ հանրային բարոյականության եւ, մասնավորապես, երեխաների բարոյական եւ բնականոն զարգացման պաշտպանության: Օրինակ՝ «Երեխաների առողջությանը եւ զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» ՌԴ դաշնային օրենքով իրավական հետապնդման են ենթարկվում երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությամբ զբաղվող անձինք, ինչը նշանակում է, որ ՌԴ-ում պետությունն ստանձնել է պարտականություն պայքարել հստակ ուսուցանող, պրոպագանդող բնույթ ունեցող հակաբարոյական քարոզչության դեմ, որը նպատակ ունի երեխաներին համոզել ոչ ավանդական սեռական հարաբերությունների ընդունելիության մեջ:
Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաեւ ՄԻԵԴ) Handyside v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ եւ Hertzberg v. Finland գործով 1982 կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու եւ իրացնելու հարցերում՝ նշելով, որ առկա չեն համընդհանուր չափրոշիչներ արարքների բարոյականության որակման համար: ՄԻԵԴ-ը նշել է, որ եթե անձնական կյանքի անձեռնմեխելիության առումով անձն ունի լայն իրավունքներ, որոնք պետությունը չպետք է խախտի, այդ թվում՝ սեռական կողմնորոշման կապակցությամբ, ապա սեռական կողմնորոշման հարցերի հանրային քարոզչության եւ արտահայտման այլ ձեւերի մասով պետությունն իրավունք ունի միջամտել՝ հանրային բարոյականության եւ այդ թվում երեխաների շահերից ելնելով: ՄԻԵԴ-ը սահմանել է, որ չափահասների՝ սեռական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքն ստորադասվում է երեխաների բարոյական դաստիարակության ապահովման շահին: Ընդ որում, նմանատիպ որոշում ունի նաեւ ԱՄՆ-ի գերագույն դատարանը United States v. Windsor գործով (2013թ.):
Փաթեթով առաջարկվում է որոշակի իրավական գործիքներով սահմանափակել այնպիսի գաղափարների եւ հայացքների քարոզչությունը, տեղեկատվության նպատակային տարածումը, որը վերաբերում է ոչ ավանդական սեռական հարաբերություններին, այն է՝ ազգակցական կապի մեջ չգտնվող չափահաս տղամարդու եւ կնոջ սեռական հարաբերություններից բացի այլ սեռական հարաբերություններին, եւ որպիսի գաղափարներն ու տեղեկատվությունը կարող են հասանելի դառնալ երեխաներին, այսինքն՝ մինչեւ 18 տարեկան անձանց:
Ոչ ավանդական սեռական հարաբերություններ են, օրինակ՝ ինցեստը, զոոֆիլիան, պեդոֆիլիան, միասեռական հարաբերությունները եւ այլն: Նման եւ այլ բնույթի տեղեկատվության նպատակային տարածումը երեխաներին հասանելիության պայմաններում վտանգում է երեխաների մտավոր, ֆիզիկական եւ հոգե-բարոյական բնականոն զարգացումը՝ ձեւախեղելով նրանց սեռական դաստիարակությունը: Դրա հետեւանքը կարող է լինել ավանդական ամուսնական հարաբերությունների եւ ընտանիքի ինստիտուտի դեգրադացիան եւ արժեզրկումը, հասարակության ֆիզիկական վերարտադրության ծավալի նվազումը, հայ ժողովրդի ազգային-հոգեւոր նկարագրի ձեւախեղումը: Այդպիսի երեւույթները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ նաեւ ՀՀ ազգային անվտանգության համար, քանի որ ցանկացած պետության եւ պետական իշխանության սոցիալական հենքը ֆիզիկապես, հոգեպես եւ բարոյապես առողջ ժողովուրդն է, եւ առանց վերջինիս՝ անխուսափելիորեն թուլանում եւ անկում է ապրում նաեւ պետությունը:
Փաթեթով սահմանվել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության ուղղվածությունը, այն է՝ երեխաների մոտ ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծումը, ավանդական եւ ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալումը, ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցումը, ոչ ավանդական սեռական հարաբերության նկատմամբ հետաքրքրության առաջացումը: Այդպիսով սահմանազատվել է անհատական կամ խմբային մակարդակում, թեկուզ բարոյապես պախարակելի, սակայն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքով պաշտպանվող վարքագիծը եւ երեխաներին հասանելի միջոցներով վերոնշյալ նպատակներով հակաբարոյական միջոցներով սեռական հարաբերությունների քարոզչությունից, որը հանդիսանում է Փաթեթի կարգավորման առարկան:
Առաջարկվող փոփոխությունների նորմատիվ ներգործության կառուցակարգի լիարժեքությունն ապահովվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ, որի համաձայն՝ երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար սահմանվել է վարչական պատասխանատվություն: