Հայաստանից 3-րդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծումն ու արտահանումը. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկանում ենք, թե ինչպես է կազմակերպվում ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծումը և ՀՀ մաքսային տարածքից արտահանումը:

1. Որ դեպքում է պահանջվում լիցենզիա
Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է մեկանգամյա լիցենզիա։

2. Որ դեպքում է պահանջվում եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)
Սեփական կարիքներն ապահովելու համար՝ առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, տարանցիկ, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):

3. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝
• լիցենզիա ստանալու մասին հայտը՝ լրացված ռուսերեն լեզվով (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 1-Ն առ 11.03.2015թ. Հրաման),
• հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
• հայտատուի գրավոր ծանուցումը՝ ծածկագրային միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,
• ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
• արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:

4. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 15-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝
• եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի Ձև3՝ նույն Հրամանի Հավելված N5-ի մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված),
• նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
• ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
• արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:

5. Ինչպես է տրվում ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը և որ դեպքում է պետք դիմել ՀՀ ԱԱԾ
ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը տրվում է մաքսային ծառայության կողմից և այն պետք է ընդգրկված լինի Միասնական ցանկի 2.19 բաժնում (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 2-Ն առ 11.03.2015թ. Հրամանի Հավելված N2, թիվ 8-Ն առ 30.11.2015թ. Հրամանի Հավելված N2):

6. Ինչպես է տրվում ներկայացված հայտի պատասխանը
ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրվող պատասխաններն ուղղարկվում են հայտում նշված հասցեով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով:
7. Որքան ժամանակ է սահմանված հայտին պատասխանելու համար
Հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 20 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ մինչև 85 օր:
8. Որ դեպքում է անհրաժեշտ ձևակերպել ծանուցում (նոտիֆիկացիա)
Ծանուցումը (նոտիֆիկացիան) նախատեսված է ԵՏՄ տարածք նույն տեսակի ապրանքի յուրաքանչյուր ներմուծումը/արտահանումը իրականացնել առանց լիցենզիաի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացնելու՝ նոտիֆիկացիայի գործողության ողջ ժամկետում։ Բավարար է մաքսային մարմին ներկայացնել նոտիֆիկացիայի համարը, վերցված ԵՏՄ պաշտոնական կայքից։ Նոտիֆիկացիան ձևակերպում է ապրանքն արտադրողը կամ իր կողմից լիազորված անձը ցանկացած ԵՏՄ անդամ պետության լիազոր մարմնում, այդ թվում ՀՀ ԱԱԾ–ում։ Նոտիֆիկացիայի գործողության ժամկետը որոշում է արտադրողը և այն հիմնականում երկարաժամկետ է ( 5, 10 տարի)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել