Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`
1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ
ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,
գ. հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
դ. լրավճարները, հավելումներ, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների),
զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,
է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
թ. աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը,
ժ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).
2) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).
3) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով սահմանված ռոյալթիների):