Այսօր մեր երկրի գիտությունը երկու գլոբալ խնդիր ունի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա կարծիքով՝ առաջինը սերնդափոխության խնդիրն է: «Մենք գիտության ոլորտում ունենք մի սերունդ, որը շատ մեծ է: Աստված իրենց երկար կյանք տա, բայց պետք է ուղղված լինենք սերնդափոխությանը»,- նշեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորի փոխանցմամբ՝ մեր ունեցած լաբորատորիաներն ու հնարավորությունները հիմնված են եղել թեորետիկ բազայի վրա. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ Հայաստանի գիտությունը մտնում է լավագույն 20 երկրների գիտության մեջ, բայց դրա հետ միասին ունենք ցավալի ստատիստիկա… Մենք ունենք շատ լավ վերլուծություններ, նյութեր, գիտական բացահայտումներ (ցավոք սրտի, միայն ճշգրիտ գիտության շրջանակներում), բայց չենք կարողանում մեր գիտական պոտենցիալը վերածենք տնտեսական կամ երկրի զարգացմանը նպաստող այլ խնդիրների լուծմանը. Դրանց արդունավետ կիրառությունը 0-ի է հավասար: Մեր գիտնականների այդ նյութերից, որոնք տպվում են միջազգային համապատասխան պարբերականներում, օգտվում են աշխարհի տարբեր լաբարատորիաներ: Վստահ եմ, որ այդ նյութերի համար երիտասարդ շատ հայ գիտնականներին կանչում են արտասահմանում աշխատելու»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ երկրորդ կարևոր գիտական խնդիրը «ֆինանսական օժանդակման գաղափարի» բացակայությունն է: Այդ ասելով պետք չէ միայն աշխատավարձի չափի մասին խոսել, այլև այն ժամանակակից լաբորատորիաների, որտեղ պետք է աշխատի երիտասարդ գիտնականն ու իր աշխատանքից, աշխատանքի արդյունքից գոհ լինի:
«Այդ երկու խնդիրնեը լուծելու համար երկու քայլ պետք է անել՝ առաջինը՝ Հայատանում գիտության փորձաքննության նոր մոտեցում ձևավորելն է, այսինքն՝ երբ մեր երկրում կհաստատվի ցանկացած գիտական թեմա, ապա այն պետք է ուղարկվի նաև արտասահման փորձաքննությունների: Այնուհետև, գիտական թեման հաստատվելուց հետո, մեր առջև պետք է խնդիր դնենք այդ գիտնականների համար գումարներ հայթայթել ու տրամադրել նրանց՝ իրենց հետազոտություններին իրականացնելու համար»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինքն արդեն պայմանավորվել է պատգամավորներից ու գիտնականներից շատերի հետ, որպեսզի կարողանան «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագիծը քննարկվի համապատասխան մարմիններում և ընդունվի:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net